Search
Close this search box.

Հասեք, շուտ, Հայաստանը փոխում է աշխարհքաղաքական վեկտորը

«Հայաստանը փոխում է աշխարհքաղաքական վեկտորը։ Ռուսաստանի հեռանալու դեպքում վակուումը լցնելու է ոչ թե Արեւմուտքը, այլ Թուրքիան։ Հայաստանը փոխում է դաշնակիցներին, Ռուսաստանին դուրս են մղում տարածաշրջանից։ Մոսկվայում անհանգստացած են դրանից։ Հայաստանը եվրոպացի դիտորդներին հրավիրել է, որ հետեւեն ռուսական զորքի տեղաշարժին»․ Մոսկվայի էմիսարներն ու տեղացի գեոպոլիտիկուսները Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ հրահանգավորումից հետո հիմա անցել են այս թեմաներին։

Դա բնականաբար արվում է իրադարձությունների պատճառահետեւանքային կապի գիտակցված նենգափոխումներով եւ «Ռուսաստանը հիմա ստիպված է կենտրոնանալ Ուկրաինայում, մեծանում է ՌԴ կախվածությունը Թուրքիայից, որը միակ պատուհանն է ՌԴ համար, ՌԴ-ն չի կարող դեմ գնալ Թուրքիային, ՌԴ-ն չի կարող Հայաստանի կողմից լինել, այդ պատճառով կատարում է մոդերատորի դեր, որը միակ հնարավորությունն է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության եւ ընդհանրապես հայկական շահերի պահպանման, հակառակ դեպքում տեղի կունենա այն, ինչ եղավ Կրայինայում (սերբական երկրամաս Խորվաթիայում․ խմբ)» եւ նման խեղկատակ «հիմնավորումներով» (տես այստեղ)։ Որպեսզի դրանք ավելի համոզիչ հնչեն՝ հայերի հանդեպ հոգատարության հուզիչ խոսքեր են հնչում, բնականաբար ռուսական ավանդական ոճով՝ մենք չլինեինք՝ ձեզ վաղուց կերած կլինեին։ Երեւանում ՌԴ դեսպանը ավելի կոնկրետ է արտահայտվել։

Դուք չլինեիք՝ Հայաստանն ավելի մեծ տարածքով, բնակչությամբ ու միջազգային դերակատարությամբ պետություն կլիներ՝ կարող են հակադարձել հայերը եւ հիշեցնել 1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտը, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական պայմանագրերն ու Հայաստանի առաջին հանրապետության վերացումը, Սեւրի պայմանագիրը եւ Վիլսոնի իրավարար վճիռը, որոնք չեզոքացվեցին ռուս-թուրքական պակտով, որը գործում է նաեւ այսօր։

Հայերը կարող են ռուսների երեսին շպրտել, որ մոդերատոր կարող է լինել գերտերությունը, որը համապատասխան տնտեսական, ռազմական, արժեքային ռեսուրսների է տիրապետում եւ ընդունակ է պահպանել իր իսկ պարտավորությունները, իսկ Ռուսաստանը ոչ միայն այդպիսին չէ, այլեւ տվյալ դեպքում հակամարտության կողմ է ընդդեմ Հայաստանի՝ Անկարայի ու Բաքվի հետ, հայկական հողերի գող ու ցեղասպան։
lragir.am