Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քնեցրել են ու իրենց սեւ գործն արել». Վոլոդյայի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին

«Դա հնարավոր բան չէր, սուտ է, թող բացատրություն տան, թե կապիտանը ինչ գործ ուներ այդ ժամին էդտեղ, ոչ մի անգամ վերադասից էդ ժամին երեխեքի հետ մարդ չի եղել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասում հրդեհի հետեւանքով զոհված Վոլոդյա Ներսիսյանի մայրը՝ Անի Թադեւոսյանը։

Տիկին Անին արդեն ութ օր է՝ փնտրում է այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը։ Ուզում է իմանալ իրականությունը՝ ինչ հանգամանքներում են զոհվել իր 19–ամյա որդին եւ նրա 14 ծառայակիցները։

Պաշտոնական վարկածին չի հավատում։ Վստահ է, որ կատարվածը դիտավորության հետեւանք է։

«Էդ երեխեքին թունավոր գազով կամ ինչ–որ այլ տարբերակով քնեցրել են ու իրենց սեւ գործն արել»,– ասում է Անի Թադեւոսյանը։

Վոլոդյան դեկտեմբերի 17-ին հինգ օրով արձակուրդ էր եկել։ Անտրամադիր էր, հիշում է մայրը, քիչ էր խոսում, չէր կիսվում։ Հիմա, երբ հիշում է, մտածում է, որ որդուն ինչ–որ բան էր անհանգստացնում։

«Անօրինական ինչ–որ բան է եղել, որ չպետք է լիներ, ոնց Հադրութի հողերն էին հանձնել, բայց զինվորներին առաջ էին քշում, կոտորում»,– նշում է տիկին Անին։

Վոլոդյայի եղբայրը՝ Կառլոսը, հենց դեպքի օրն է եղել Մարտունու դիահերձարանում։ Մարմինները տեսնելուց հետո հասկացել է, որ բոլոր զինծառայողները հրդեհի ժամանակ պառկած են եղել, արդեն մահացած։

«էդ փաստ է, որ զինվորները եղել են պառկած, բենզին օգտագործվե՞լ է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց որ երեխեքը մինչեւ պառկելը եղել են անգիտակից՝ թունավոր գազ են շնչել, թե ուժեղ քնաբերով քնեցրել են, մենակ դատաբժիշկները կարող են ասել»,– ասում է Կառլոս Ներսիսյանը։

Եղբոր հետ խոսակցության մանրամասները վերհիշելով՝ Կառլոսն ավելի է համոզվում, որ պաշտոնական վարկածը իրականությանը չի համապատասխանում։ Վոլոդյայի հետ վերջինը հենց նա է խոսել, հրդեհի գիշերը, ժամը 12:15–ի սահմանում, մի քանի րոպե։

«Նստած էին վառարանի մոտ, մի քանի հոգով, կոֆե էին խմում, ամբողջ օրը գործ էին արել, ու մտադիր էլ չէին քնել, ասաց՝ գիշերն էլի կզանգեմ։ Պաշտոնական վարկածը հերքում եմ, որովհտեեւ իմ խոսելու ժամանակ կապիտան չի եղել, բենզին չի եղել էն տրամաբանությամբ, որ տեխնիկան վառելիքով էր աշխատում։ Խելքին մոտ չէ, որ վառարանը բենզինով էր ուզում թեժացնել։ Չեմ բացառում, որ բենզին լիներ, բայց տունը պաժառ տալու համար։ Խելքին մոտ չէ նաեւ, որ մեքենայով հարվածել են, որովհետեւ ոչ մի քերծվածք չկա, երկու հատ քար էր վրան գցած։ Իսկ էդ երկուսը, որ իբր են գնացել են ջուր բերելու, էլի եմ հերքում, որովհետեւ իրենց ջուրը դռնից երկու մետր հեռու էր։ Թունավոր գազ, քնաբեր, սպանություն, դիվերսիա, ամեն ինչ էլ հնարավոր է»,– ասում է Կառլոսը։

Վոլոդյան ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, հարազատները չեն հիշում մի դեպք, երբ տղան պատմեր որեւէ զինվորականի հետ լարված հարաբերությունների մասին։ Ընտանիքն այս օրերին ակտիվ հետեւում է դեպքի մասին բոլոր հրապարակումներին։ Լսել են, որ զոհված տղաներից Ռոստոմի հայրը պատմել է, որ կապիտանն ու ժամկետային զինծառայողները խնդիրներ են ունեցել։ Չեն բացառում, որ գուցե ինչ–որ խնդիր իսկապես եղել է։ Բայց կապիտան Հակոբյանին իրենք չեն ճանաչում, Կառլոսը, որը մի քանի անգամ եղել է Ազատ գյուղի զորանոցում, կապիտանին չի տեսել նրան, իսկ մյուս ծառայակիցների հետ մոր խոսքով՝ հաշտ ու համերաշխ են եղել։

Վոլոդյայի հարազատները չեն հավատում նաեւ ժամկետային զինծառայող Գարուշի խոսքերին, թե ինքը պառկած մարդկանց չի նկատել, հրդեհի վայրում վազվզող մարդկանց է տեսել։

«Կրկնում եմ՝ տղաները մահացել են քնած վիճակում։ Մեկի ոտքը ոտքին գցած էր, մյուսինը՝ ձեռքը ճակատին, մի ուրիշինը՝ ձեռքը գլխի տակին, ոչ մեկ տանջվելով չի մահացել, եղել են շորերով ու կոշիկներով։ Չգիտեմ քնապարկերո՞վ էին, թե՝ չէ, բայց սովորաբար իրենք քնապարկով էին քնում։ Հասկանալի չէ նաեւ, թե ինչի էր դուռը փակ»,– ասում է Վոլոդյայի եղբայրը։