Search
Close this search box.

Կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետին մեղադրանք առաջադրվեց. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին Քննչական կոմիտեն խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորությամբ դիմել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանից:

Նա հայտնեց, որ Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից:

Հիշեցնենք, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։