Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-ր դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից, որովհետեւ արդեն մեկ ամիս ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են եւ չեն աշխատում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չէին կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգություններն են: Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաեւ ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով եւ այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաեւ գազային ճնշման գործիքը, ինչը ակնհայտորեն դատապարտելի է:

Մանկապարտեզ չհաճախելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է: Սա էլ իր հերթին կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ:

ԼՂ-ի համար կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, եւ որի անխափան գործունեության գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր: Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԼՂ-ում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետեւ Ադրբեջանը խափանել է նաեւ ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, եւ բնակչությանը հոսանք մատակարարվում միայն տեղի էլեկտրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

«Բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով: Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով Բաքվի պլանը հետեւյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ հետո մի քանի օրով բացել եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը: Սա, իհարկե, էթնիկ զտման բցահայտ քաղաքականություն է: Եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերյալ մեր ահազանգերին, հիմա արդեն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաեւ հունվարի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական ակտիվիստների» կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, եւ որը աշխարհում լայնորեն տարածվեց»,-հայտարարեց վարչապետը: