Search
Close this search box.

Ադրբեջանին չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել. Գևորգյանը` ԵԽԽՎ–ում

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, և ճանապարհ չի թողնում դիվանագիտության համար։ Այս մասին ԵԽԽՎ-ում Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գևորգյանն իր ելույթում խնդրել է մտորել երեք հիմնական ուղղություններով։
Մասնավորապես նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ ԼՂ–ում 120.000 մարդկանց պաշարման, նրանց դեմ ուժի կիրառման ամենօրյա սպառնալիքներն իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:

«Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է այս ավտորիտար ռեժիմի անպատժելիության զգացման ամրապնդմանը և մեր կազմակերպությունը վերածել հայ ժողովրդի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը լեգիտիմացնող գործակալության»,–ասել է Գևորգյանը:
Հաջորդ ուղղությունը նշելով` Գևորգյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշարումը 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաջորդ փուլն է։ Եվ Ադրբեջանի կողմից վարվող պետական հանցավոր քաղաքականությունը և հնարավոր խաղաղ գործընթացը չպետք է խառնել իրար։

«Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է: Սա բանակցության հետ կապ չունի: Հետևաբար, սա չդատապարտելը հստակ նշանակում է աջակցել այս հանցագործության իրականացմանը, այլ ոչ թե ճանապարհ է թողնում դիվանագիտության համար»,–ասել է նա:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը ԵԽԽվ–ում որպես երրորդ կարևոր ուղղություն մատնանշել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը որպես Եվրոպայի քաղաքակրթական ինքնության վտանգ. «Այժմ խոսքը մի կողմից ժողովրդավարության, արժանապատվության և խաղաղության, իսկ մյուս կողմից՝ «էներգետիկ անվտանգության», ամոթի և ոտնահարումների միջև ընտրության մասին է: Պատմությունը մեզ հուշում է, թե որն է խայտառակ ընտրությունների գինը»:

Ամփոփելով իր խոսքը` պատգամավորը նշել է, որ չնայած Հայաստանի աշխարհագրական և ժողովրդագրական չափերին և շարունակական մարտահրավերներին՝ հայ ժողովուրդը շարունակելու է պայմաններ ստեղծել ազգային մշակույթի և ինքնության պահպանման ու զարգացման համար, անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։