Search
Close this search box.

2017-ին նվազել է սեռական, ընտանեկան բռնության ենթարկված անչափահասների թիվը. Նելլի Դուրյան

2017 թվականին հանցագործություն է կատարել 341 անչափահաս: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` նշելով, որ 2016թ. համեմատ հանցագործություն կատարած անչափահասների թիվը նվազել է 9-ով:

Նելլի Դուրյանի խոսքով, 2017թ նվազել են անչափահասների մասնակցությամբ ծանր հանցագործությունների դեպքերը. սպանության, անզգույշ սպանության դեպքեր 2017-ին չեն գրանցվել: Նվազել են նաև ծանր մարմնական վնասվածքների դեպքերը` գրանցվել է 10 դեպք:

2017թ. ավելացել են անչափահասների մասնակցությամբ խուլիգանության դեպքերը` 2016թ. 1 դեպք է եղել, այս տարի` 4:

Նելլի Դուրյանի խոսքով, անօրինական զենք կրելու դեպքերը 2017թ. եղել են 20-ը, անչափահասները հիմնականում կրել են կռփազենք, որը համարվում է սառը զենք:

2017թ նվազել է նաև հանցագործություն կատարած անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների թիվը` 28 դեպք` նախկին 34-ի փոխարեն:

Նելլի Դուրյանը նշեց, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը 2017թ. ևս նվազել են. գրանցվել է 190 դեպք, որից 13-ընտանեկան բռնության դեպքեր են եղել:

2017թ. սեռական բռնության է ենթարկվել 71 անչափահաս. այստեղ ևս նվազում է նկատվում` 2016-ին եղել է սեռական բռնության 80 դեպք:

Նելլի Դուրյանը նշեց, որ 2017թ. նվազել է նաև մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը. 2016թ հաշվառված է եղել 19 անչափահաս, 2017թ.`18, այսօրվա դրությամբ կա հաշվառված ընդամենը երկու անչափահաս`մեկը Երևանում, մյուսը` Կոտայքում:

«Ունեցել ենք դեպքեր, երբ անձեռոցիկ, սրբապատկերներ, ծաղիկներ են վաճառում: Փորձը ցույց է տալիս, որ այս պրոցեսը զուգորդվում է մուրացկանությամբ` քաղաքացին չի գնում անձեռոցիկը, բայց գումար է տալիս»,-ասաց նա: