Search
Close this search box.

Ոչ թե Պապիկյանը, բանակն է դրվել «գնացքի ռելսերի տակ»

Երբ խոսում եք բանակի «բարդակ վիճակի մասին» ու պահանջում, որ պատասխանատուներին պատժի ենթարկեն, ձեր մտքով չի՞ անցնում, որ իշխանությունը, «պատասխանատուներին մի պատուհանով մտցնելու, մյուսով հանելու է»։ Առաջին անգա՞մն է, երբ զարհուրելի, եղկելի դեպքի պատասխանատուները ավելի բարձր պաշտոնի, դիրքի են արժանացել։ Չերևացող մասը չասեմ։ Կացարանը, որը այրվել է, իր ողջ «շքեղաշուք խեղճությամբ» ցուցադրվեց։ Կարող էին չէ՞, դրա «պերճությունը» այդպես մանրամասնությամբ չցուցադրել։ Իրենց ձեռքը չի՞․ ինչ ուզում ասում, ոնց ուզում անում են։ Ուրիշ բան չլիներ, կասեին՝ ռազմական գաղտնիք է տեղանքը ու մանրամասները ցուցադրելը։ 

Բայց նրանք ցուցադրեցին կացարան կոչվածի ողջ մանրամասնությունները, թույլ տվեցին, որ բոլորը տեսնեն, թե ինչ վիճակում է ծառայում հայոց զինվորը։ Սա ինքնապատա՞կ էր,- հարցնում եմ։ Սա բանակը ևս մեկ անգամ արատավորելու, ոչնչացնելու փորձ չէ՞ր։ Ո՞ր ծնողը այդքանից հետո չի մտածի, որ իր զավակին ամեն գնով ազատի այդ գեհենից։ Պրիմիտիվ առաջարկ է՝ Պապիկյանին պաշտոնից ազատելու կոչերը։ Նիկոլի համար Պապիկյանին «գնացքի ռելսերի տակ դնելը» որպես պատժի միջոց, մանանա է, դրանով ՊՆ նախարարին կդարձնի ոչ միայն կառավարելի, այլ պլաստիլինի նման նրանից ինչ «կենդանի ուզի, կսարքի»։ Պետք է հասկանալ՝ ոչ թե Պապիկյանը, բանակն է դրվել «գնացքի ռելսերի տակ»։ Պապիկյանի հարցը լուծելը մի տասներորդական, անէական հարց է իշխանության համար։ Գլխավոր հարցը մեծ մասշտաբով բանակը, զորամասը, կացարանը, այսքան խղճալի, ողորմելի, ոչնչացված ներկայացնելն է։ Այդ ողբալի վիճակին ականատես է լինում նաև թշնամին, ու դա նրան թև է տալիս՝ սա՞ չի ձեր վիճակը, դե լսեք, տեսեք՝ ինչ եմ ասում։ Կատարեք այն, ինչ հրամայում եմ։

Թշնամու լռությունը կարգավորված է։ Նա քնած չէ, լուռ չէ և գործում է։ Սա մոտավոր նույն վիճակն է, երբ Նիկոլի ընտանեկան թերթը գեներալ Մանվելի «ոչնչացված, մերկ, հիվանդ» նկարը հրապարակեց խցից ու ոչ մի պատժի չարժանացավ։ Ավելին, այդ օրվանից արատավորեց գեներալների, հերոսների մի ողջ սերնդի։ Հիմա զորամաս առ զորամաս արատավորվում է բանակը, իրագործելով թշնամու մեծագույն իղձը՝ Հայաստանին բանակ պետք չէ։ Իրագործվում է Հայոց Բանակի, Հայոց Պետականության կործանման օտարապատվեր գործընթացը։

hraparak.am