Search
Close this search box.

Արցախի ՄԻՊ-ը հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որտեղ հորդորում է չցուցադրել այն արցախցիների դեմքերը, ում օգնություն է տրամադրվում, քանի որ օգնությունը շահարկելը նվաստացուցիչ է ընկալվում։

«Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։

Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։

Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։

Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։