Search
Close this search box.

Փաշինյանը հեռախոսը վերցրել ու զանգե՞լ է Վարդանյանին

ՀԱՐՑ – ո՞վ է փրկիչը
Փաշինյանը հեռախոսը վերցրել ու զանգե՞լ է Վարդանյանին՝ պարզաբանելու, թե ինչու՞ է Հայաստանը վարում այս կամ այն տեսակ քաղաքականություն։

Իսկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսը վերցրել ու ասուլիսցից հետո զանգե՞լ է Փաշինյանին՝ պարզաբանելու, թե ինչու՞ արտահայտեց այս կամ այն միտքը։

Չէ՞ որ, մեկը ազերի չի, մյուսը՝ հայ։ Երկուսն էլ հայ են․ մեկի ազգանունը Փաշինյան է, մյուսինը՝ Վարդանյան։ Թե՞ ի սկզբանե երկուստեք առաջնորդվում են էն կանխավարկածով, որ մյուսը հաստատ հայ չի։
Մեկը մյուսին անվանում է “թաթար”, մյուս դիմացինին՝ “թուրք”։
Հիմա, այս երկուսի համատեղ պատկերացմամբ, փաստորեն հայկական երկու պետություններում հայեր չեն իշխում․ կա՛մ թուրքեր են, կա՛մ թաթարներ։ Հետևապես, ստացվու՞մ է արդյոք, որ Հայաստանն ու Արցախը իրականում հայկական չեն, այլ ասենք՝ թուրքական կամ թաթարական։

Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ի՞նչ ծաղրուծանակի առարկա ենք դառնում միջազգային հանրության, գործընկերների ու դաշնակիցների, ու ինչն ամենավատն է՝ թշնամիների աչքերում։
Անկեղծ եմ լինելու, ինչպես միշտ։ Ես չեմ հավատում և՛ մեկ, և՛ մյուս կողմին։ Մեկը ասում է, որ ամբողջ աշխարհը Արցախը չի ճանաչում Ադրբեջանից դուրս, հետևապես՝ ի՞նչ կարող ենք անել մենք։ Բռատ, հիշեցնեմ, որ 1992-94 թվականներին էլ աշխարհի դիրքորոշումը լղոզված էր։ Մենք այն որոշակիացրինք ճակատամարտում տարած մեր հաղթանակով։ Ասել է, թե կա՛ նախադեպ, նախադեմ ԿԱ՛։ Ուրանալ պետք չի։

Հիմա երկրորդը։ Ասում է, թե ռուս խաղաղապահները Արցախում իրենց լավ պիտի զգան, մենք էլ պիտի անենք ամեն ինչ, որ իրենք իրենց ավելի լավ զգան ու մնան Արցախում տասնյակ տարիներ։ ԲՌԱՏ, ամեն ինչ պետք է անել, որ ոչ թե ռուսները Արցախում իրենց լավ զգան ու մնան տասնյակ տարիներ, այլ հայերը իրենց լավ զգան ու մնան Արցախում՝ հազարավոր տարիներ։ Դրա համար հայկական ուժ է պետք, ոչ թե ռուսական։ Դրա համար հայկական ուժեր պետք է հողի վրա դնել, ոչ թե ռուսականի համար կռիվ անել։ Արցախի հողը հայկական է, եթե այն պահում է հայ զինվորը, ոչ թե ռուս։ Է հա, թաթարստանում էլ թաթարներ են ապրում, բայց այն Ռուսաստան է։

Պարզ ասած, այս երկուսն էլ, այս պահին պնդում են, որ Արցախը կարող է լինել ամեն տեսակ՝ ռուսական, ադրբեջանական, թուրքական, բայց ոչ մի դեպքում հայկական։ Ու արդեն էական էլ չի, Արցախում հայեր են ապրում, թե այլազգիներ։ Հողը նրանն է, ով կանգնած է դրա վրա զենքով։ Հողը պաշտպանողինն է։
Հիմա, եթե անգամ հայկական ազգանուններով, բայց միմյանց թուրք ու թաթար անվանող մարդիկ իրար մեջ չեն կարողանում քցել-բռնել, թե ո՞վ է ճիշտ, ապա էդ միջազգային հանրությունն ինչի՞ մեր փոխարեն պիտի որոշի ճիշտ ով է։ Ինչու՞ ռուսները մեր փոխարեն պիտի որոշեն ճիշտ ո՞վ է։

Կամ ավելի վատ, հասկանալով, որ եթե հայերն իրե՛նք չենք կարողանում իրար մեջ որոշել, թե ո՞վ է փրկիչը․․․ կորոշեն իրե՛նք (միջազգային հանրություն լինի, ՌԴ լինի և այլն), քանի որ այդ հայերն այնքա՛ն անխելք են։
Հիմա, և՛ Հայաստանն է վերածվել ՌԴ-Արևմուտք հակամարտության գոտու, և՛ Արցախը։ Ու սրանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները չեն մեղավոր կամ անգամ Ադրբեջանը, այլ մենք, որ թույլ ենք տվել էս բոլորին լցվել մեր տուն ու մեր փոխարեն որոշել, թե ո՞ր գույքը որտե՞ղ պետք է դրվի, սենյակները ինչպե՞ս պետք է ձևափոխվեն, տատին ե՞րբ պիտի ճաշ սարքի, իսկ երեխեքը՝ քնեն։

Իսկ դուք․․․ դուք շարունակեք “թուրք-թաթար” փոխհրաձգությունը։ Ալիևն էլ ձեռքի հետ ձեր “թուրք-թաթարական” օրակարգին շարունակաբար կավելացնի մեկ միջանցքը, մեկ արևմտյան զանգեզուրը, մեկ փախստականների վերադարձը, մեկ անկլավները, մեկ վերադարձի ենթակա գյուղերը և այլն։

Ու՞մից եք ի՞նչ պահանջում։ Էդ ընթացքում էլ ռուսներն ու արևմուտքցիները առոք-փառոք ձեզ կմանիպուլացնեն ու վերջում, միևնույն է, կամ մե՛կ կողմին, կամ մյուսի՛ն կտաք իրենց ցանկալին։
Եվ․․․ գուցե, վերջում, երբ էս պետականության հերն անիծեք՝ ապացուցվի, որ իրականում միմյանց նկատմամբ ձեր վերաբերմունքի մասով, էպիտետներով դուք երկուսդ ճիշտ էիք, իսկ մենք բոլորս՝ սխալ։
Հ․Գ․ վերջում չմոռանաք, որ կային օրեր, երբ իրար ձեռք էիք սեղմում։ Փաստորեն, էդ օրերից արդեն պարզ էր, որ որևէ ձեռքսեղմում երկու հայի միջև երբեք էլ անկեղծ լինել չի կարող։
Լրագրող Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից