Search
Close this search box.

Ադրբեջանը պարտավոր է առանց նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի ռեժիմը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել է 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: