Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղի ունեցած միջադեպից, այնպես էլ նրա վերջին հայտարարությունների վերաբերյալ:

Լրատվամիջոցի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

Պարոն Վարդանյան, Դուք եղել եք Կաշենում, երբ խաղաղապահների հետ հանքավայրեր այցելելու համար այնտեղ են եկել ադրբեջանական այսպես կոչված բնապահպանները, հանդիպել և շփվել եք ժողովրդի հետ: Ի՞նչ է տեղի ունեցել:
-Այո, ես այցելել եմ Կաշեն՝ հենց որ տեղեկացել եմ խաղաղապահների ուղեկցությամբ արդրբեջանական «բնապահպանների» նախատեսվող այցի մասին: Չնայած խնդիրն իմ անմիջական համակարգման դաշտում չէ, բայց հաշվի առնելով, որ բնակչությունը պատշաճ կարգով տեղեկացված չէր և դա կարող էր միջադեպերի պատճառ դառնալ, ես ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ մեկնել եմ այնտեղ՝ տեղում լինելու և հավանական սադրանքներ ու կոնֆիլիկտ թույլ չտալու համար: Ընդամենը երկու օր առաջ Արցախի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էի, որ մենք շարունակում ենք գտնվել ռազմական իրավիճակում: Ադրբեջանական կողմի վարքագիծը ցույց է տալիս, որ սադրանքները շարունակվելու են, և մենք ամեն կերպ պատրաստ պետք է լինենք դրանց: Այս միջադեպը հենց դրա մասին է վկայում: Պետք է հասկանանք, որ Արցախում իրավիճակը լարված է, ու մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Դրա համար պետք է կարողանանք ոչ հեշտ հարցերի լուծման համար որոշումների կայացման հստակ մեխանիզմներ սահմանել՝ հաշվի առնելով թե՛ օպերատիվության, թե՛ բնակչության հետ հաղորդակցության ապահովման հարցերը: Նորմալ պայմաններում և իրավիճակներում բնապահպանական խնդիրների քննարկումը հարևան երկրների միջև միջպետական հարաբերությունների խնդիր է: Մենք հայտարարել էինք, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է միջազգային բնապահպանական-փորձագիտական խումբ հրավիրել՝ նաև ադրբեջանական բնապահպանների մասնակցությամբ: Բայց մեր հարևանի կողմից սադրանքները շարունակվում են, ու մենք առավելագույնս պետք է պատրաստ լինենք դրանց՝ կիրառելով համապատասխան միջոցներ: Միջադեպի հետ կապված Արցախի Հանրապետության իրավասու կառույցներն արդեն դիմել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ առաջարկելով հետագայում եռակողմ բնույթ ունեցող ցանկացած գործողություն հանգամանալից քննարկել՝ հաշվի առնելով թե բնակչության հետ պատշաճ հաղորդակցության հարցը, թե իրավիճակի լարվածությունը:

-Հիշատակեցիք Արցախի հեռուստաընկերությանը տված Ձեր վերջին հարցազրույցը, որում նաև ասել էիք, որ փոփոխություններն անխուսափելի են, և որ դրանք արդեն զգալի են կառավարության հետ հարաբերություններ ունեցող անձանց և, մասնավորապես, էլիտայի ներկայացուցիչների համար: Կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեիք:
-Նկատի ունեի այն, որ սահմանվում են շատ հստակ կանոններ: Օրինակ նրանք, ովքեր պետության նկատմամբ հարկային և վարկային չկատարված պարտավորություններ ունեն, բայց ի վիճակի են դրանք կատարել, պետք է անպայման կատարեն: Այլ տարբերակ չկա: Ես չեմ հասկանում, թե ինչու, օրինակ, ունևորը, որը եկամուտ է ստանում, չպետք է հարկերը վճարի: Միաժամանակ մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ովքեր ունեն նման պարտավորություններ, բայց իսկապես, տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանվորված, ի վիճակի չեն դրանք կատարել: Սա նկատի ունեի: Գիտե՞ք, Արցախում շատ սուր է արդարության զգացողությունը: Ինձ համար սկզբում անսպասելի էր, որ անվտանգությանը զուգահեռ շատերը, որպես խնդիր, անարդարության հարցն էին նշում: Ես իմ ու իմ թիմի խնդիրներից մեկն եմ համարում հասարակության մեջ արդարության, հավատի, վստահության վերականգնումը: Վստահ եմ, որ դրան հնարավոր է հասնել թափանցիկ աշխատանքով, խնդիրների նկատմամբ համակարգային մոտեցմամբ և կարգապահությամբ: Սրանք նաև այն սկզբունքներն են, որոնք մեր կառավարության գործունեության հիմքում են լինելու:

Պարոն Վարդանյան, Արցախում արդեն տարբեր լուրեր են շրջանառվում, թե Դուք պատրաստվում եք կրճատումներ անել, նոր աշխատանքային կարգ եք սահմանել կամ արգելել եք առհասարակ պետական գնումները: Ի՞նչ կրճատումների մասին է խոսքը: 
-Կրճատումներ չեն արվել, աշխատանքային գրաֆիկում ևս փոփոխություններ չի մտցվել: Այո, իմ աշխատանքային օրն սկսվում է առավոտյան ժամը 7-ից, ավարտվում կեսգիշերին, չնայած ես կարծում եմ, որ մեր առջև կանգնած մարտահրավերները բոլորիցս, հատկապես, պետական համակարգի աշխատակիցներից, իսկապես շատ ավելի մեծ ներգրավվածություն են պահանջում: Իհարկե, գնումներն էլ չեն արգելվել, պարզապես կառավարության առաջին նիստում, հաշվի առնելով բյուջեի մեծ դեֆիցիտը, նախարարություններին հանձնարարվել էր նոր ֆինանսական պարտավորությունները պետնախարարի աշխատակազմի հետ համաձայնեցնել: Ինչ խոսք, ափսոսում եմ, որ որոշ անհարկի շահարկումներ են սկսվել: Բայց դա ինձ չի խանգարելու: Այն, ինչ մենք անում ենք, անում ենք հանուն Արցախի և Արցախի ժողովրդի: Մեր գործն անում ենք ու անելու ենք հրապարակային ու թափանցիկ: Մենք վճռական ենք շարունակել մեր աշխատանքը և սկսած գործը հասցնելու ենք ավարտին: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ Արցախը մնա հայկական, անվտանգ ու բարեկեցիկ: