Search
Close this search box.

Ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանին

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

ՌԴ նախագահի խոսքով` Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
«Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է նաև Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողներից մեկը. ներդրումները կազմում են մոտ 40%»,– ասել է նա։

Պուտինը հավելել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67%։ Երկրի ղեկավարը սա համարել է լուրջ և դրական ցուցանիշ։ Նրա խոսքով` այնուամենայնիվ, հարցեր միշտ լինում են, և ինքը ուրախ է հանդիպելու հնարավորության համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառության աճն իրոք տպավորիչ է։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ մեխանիզմների լավացմամբ կհաջողվի պահպանել դինամիկան։ Խոսելով այսօր կայացած ԵԱՏՄ նիստի մասին` Փաշինյանն ասել է, որ այն բավական կառուցողական էր։

«Փաստացի մի քանի տնտեսական հարցեր քննարկեցինք ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով»,– նշել է նա։

Նշենք, որ հունվար-հոկտեմբերին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 3,8 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 2,34 մլրդ դոլար։