Search
Close this search box.

«Հրապարակ». «Չեմ կարող բացառել»․ Տավուշի մարզպետը՝ տարածքների հանձնման հարցի քննարկման հավանականության մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով Նիկոլ Փաշինյանի քավորն է, ի տարբերություն եղբոր՝ պատգամավոր Վահե Ղալումյանի, շատ զգուշավոր է խոսում Տավուշի մարզից «հանձնվող» տարածքների, անկլավների մասին։ Նրա պատգամավոր եղբայրը, հիշեցնենք, ժամանակին հայտարարում էր, թե իրենց մարզում կան, այսպես կոչված, ադրբեջանական գյուղեր, որոնք մերը չեն, ուստի չի բացառվում՝ դրանք վաղը հանձնեն հարեւան հանրապետությանը։
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նրա մարզպետ եղբայրը հայտարարեց, որ ինքն այդ հարցին չի ցանկանում պատասխանել, երբ հետաքրքրվեցինք, թե Տավուշի մարզում կա՞ն տարածքներ, որոնք հայկական չեն։ «Ես այդ հարցին չեմ պատասխանում»,-կտրուկ ասաց նա։

Մենք, սակայն, համառեցինք՝ հետաքրքրվելով, թե քաղաքակա՞ն որոշում է, որ չպետք է խոսի այդ տարածքների մասին։ «Իմ անձնական որոշումն է։ Այդ մասին ես չեմ խոսում, այդ հարցը չտաք ինձ»,- ասաց մարզպետ Ղալումյանը։ Իսկ Տավուշի մարզի բնակիչը չիմանա՞, թե ինչ է սպասվում իրեն, իրեն հանելո՞ւ են իր բնակավայրից, թե՞ մնալու է։

«Համենայնդեպս, այս պահին նման բան չի քննարկվում»,- ասաց նա։ Ոմանք եզրակացրին, որ նրա ասածից պետք է հասկանալ, թե հաջորդ պահին հնարավոր է Տավուշի մարզից ինչ-որ տարածքներ հանձնելու հարցը քննարկվի։ Ուստի հարցրինք՝ իսկ եթե վաղը քննարկվի այդպիսի հարց, իր քայլերը՝ որպես մարզպետի, որո՞նք կլինեն, եթե քաղաքական իշխանությունը որոշի, որ պետք է հանձնեն որոշ գյուղեր։

«Համենայնդեպս, ես պատասխանեցի, որ այս պահին նման խնդիր չունենք, չի քննարկվում»,-կրկնեց նա։ Պնդեցինք՝ կարո՞ղ եք բացառել, որ չի էլ լինի նման խնդիր, ինչին Հայկ Ղալումյանը անկեղծ պատասխան տվեց՝ լիովին տեղավորվող այս իշխանությունների վարած «հանձնողական» քաղաքականության մեջ․ «Չեմ կարող բացառել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։