Search
Close this search box.

Ռուսական կողմը մեզ խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ, երբ հայտնի էր Սոչիի հանդիպման օրը և ձևավորվում էր փաթեթը։

«Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե՝ ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էինք հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ և փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։

Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետի՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ և փորձել լուծումներ գտնել»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Արդյո՞ք ՌԴ-ն խոսք տվել է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա․ այն ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնելու մասին է։ «Բանակցությունները ոչ թե խոստումների, այլ մոտեցումների քննարկում են։ ՀՀ-ն ներկայացրել է իր մոտեցումները և ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար և ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ ուրիշ»,- պատասխանեց Արմեն Գրիգորյանը։
lragir.am