Search
Close this search box.

Երկու ծանր հարված Ռուսաստանին․ հերթում Կրեմլն է

Երկու օրվա մեջ Ռուսաստանը երկու ծանր հարված ստացավ՝ Կալուգայում, Մոսկվայից 300 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական ռմբակոծիչների բազային եւ Ղրիմի կամրջին։ Ուկրաինական ճակատներում շարունակվում է ռուսական բանակի նահանջը, զինվորների դասալքությունը եւ գերի հանձնվելը։ Ռազմական պարտության ալիքը թափ է առնում։

Ճակատում հարվածներին զուգահեռ, բանակը հրապարակային հարվածների է ենթարկվում ուժային մյուս կառույցներից, դաշտային հրամանատարներից, Կրեմլի պրոպագանդոններից ու բլոգերներից, Կադիրովից ու Պրիգոժինից, որոնք սեփական բանակներ ունեն։ Տեղեկություններ կան զինվորականների զանգվածային ձերբակալությունների մասին, հնարավոր ռազմական հեղաշրջումը կանխելու համար։

Բանակի դեմ արշավն իրականացվում է Կրեմլի սանկցիայով։ Ռուսական բանակը, ավելի ճիշտ՝ դրա քիչ թե շատ մարտունակ մասը ոչնչացվում է եւ բարոյազրկվում ուկրաինական ճակատում, իսկ ներքին ճակատում իրականացվում է դրա հեղինակազրկումը եւ պարտության մեղավոր կարգելը։ Ներքին այս պայքարը անկասկած սրվելու է, ռուսական էլիտաների համար ներկայում կյանքի ու մահվան խնդիր է՝ պարտությունից հետո սեփական դիրքերն ու գողոնը պահպանելու համար։

Քաղաքացիական պատերազմը, առայժմ իշխանական խմբերի միջեւ, իրականություն է դառնում։ Ռուսաստանի վիճակը ներկայում համեմատվում է 1916-ի իրավիճակի հետ։ Ռուսաստանը մտնում է սմուտայի հերթական շրջանը մասնավոր բանակների, ուժայինների տարբեր խմբավորումների, ֆաշիստական տարբեր խմբերի արյունալի բեսպրեդելով։ Ռուսական տարբեր կենտրոններում քննարկվող հավանական սցենարների մասին՝ առաջիկայում։

ԱՄՆ-ն Ռուսաստանի պարտության որոշում է կայացրել, ինչը նշանակում է, որ բարձրացվելու է Ուկրաինային տրվող զենքի մակարդակն ու հեռահարությունը։ Հաջորդ հարվածները լինելու են Մոսկվային, ինչու չէ՝ նաեւ Կրեմլին։

Այս հանգամանքներով պայմանավորված՝ Մոսկվան արագացնում է հայկական պետության վերացման, Կովկասից նահանջի ու տարածաշրջանը Թուրքիային հանձնելու իր պլանի իրագործումը, թույլ չտալու համար Արեւմուտքի նախաձեռնություններն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Քպ-ական իշխանությունը եւ ռուսանպաստ կոհորտը՝ խորհրդարանական ընդդիմություն կոչվածը, կաթողիկոսի ու նախկին նախագահների «ձեւաչափը», զլմներն ու փորձագետները լծված են Կրեմլի այս պլանի իրագործմանն աշխատանքի համապատասխան բաժանմամբ, ինչն արտահայտվում է այդ թվում արեւմտյան նախաձեռնությունների դեմ քարոզչությամբ ու գործնական քայլերով։