Search
Close this search box.

Միջազգային դիտորդական առաքելություն․ արեւմտյան արբանյակային միջոցներ Հայաստանում, Մոսկվայի հիստերիան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանում ունեցած հանդիպումների մասին։ Ավելի վաղ Գրիգորյանը Պենտագոնում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Լորա Կուպերի հետ։

Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, մոտավորապես նույն ժամին Հայաստան էին ժամանել Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարները։ Դրանից անմիջապես հետո Մոսկվան ու Բաքուն ակտիվացրին Բերձորի միջանցքը փակելու, Բերձորն ու Աղավնոն ռեղահանելու աշխատանքները։ Ավելին, Մոսկվան ու Բաքուն ամեն ինչ ներկայացրին այնպես, իբր դա պատասխան էր հայերի սադրանքներին։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում մոնիտորինգի միջազգային միջոցներ չկան, ռուսական զորքերը գործում են Բաքվի հետ համատեղ, չխոսելով այն ​​մասին, որ Բաքվի բոլոր գործողություններն ուղղորդվում են օկուպացված Ակնայում ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից։

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան պետք է տեղի ունենար նույն սցենարով. հայերի ենթադրյալ սադրանքների մասին տեղեկատվական նախապատրաստությունից հետո ռուսական զորքերը և սահմանապահները հետ են քաշվում, տեղի է ունենում զանգվածային հրետակոծություն և ներխուժում, որին հաջորդում է արտատարածքային միջանցքների բացումը՝ ՌԴ ԱԴԾ-ի վերահսկողության ներքո։

Հայկական բանակի դիմադրության, Իրանի ու ԱՄՆ-ի դիրքորոշման շնորհիվ այս սցենարն այս անգամ ձախողվեց։ Ավելին, հնչեցին հասցեական հայտարարություններ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից, որոնք ակնհայտորեն հիմնված էին հետախուզության անհերքելի տվյալների վրա, թե ով է իրականացրել ագրեսիան։

Դրանից հետո Հայաստանի ղեկավարությունը սկսեց հայտարարել միջազգային դիտորդական առաքելության հրատապ անհրաժեշտության մասին։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց ԱՄՆ-ում ՄԱԿ-ի ամբիոնից և Ֆրանսիայում՝ դրանով իսկ հաստատելով, որ ռուսական «երաշխիքները» բավարար չեն։

Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտարարվեց, որ Երևան է ժամանելու Ֆրանսիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Իր հերթին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպումներ է ունենում Պենտագոնում և ԿՀՎ-ում։

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ դիտորդական առաքելությունը չի նշանակում, որ միջազգային դիտորդները կգան և կկանգնեն երկու հակամարտող երկրների զորքերի միջև։ Դա հսկողության համակարգերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է, որոնք կկարողանան հետևել և արձանագրել, թե ով է առաջինը կրակել։ Սրան ավելացնենք արբանյակային հետախուզությունը։

Այսպիսով, կարելի է խոսել Հայաստանի սահմաններին ամերիկյան կամ ֆրանսիական միջոցների հայտնվելու մասին։ Նշենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն այս ոլորտում համագործակցության փորձ ունեն՝ 2015 թվականի նոյեմբերին խփված ուղղաթիռի հայ օդաչուների դիերի տարհանման, ինչպես նաև Խոսրովի անտառում բռնկված հրդեհների ժամանակ։

Այնուհետև հայտնի դարձավ արբանյակային տեխնոլոգիաների կիրառմամբ ԱՄՆ օգնության մասին։ Այժմ կարող են օգտագործվել նույն տեխնոլոգիաները, որոնք, ի դեպ, թույլ են տալիս ուկրաինական բանակին հաջողությամբ ռազմական գործողություններ իրականացնել ռուսական օկուպացիոն ուժերի դեմ։

«Ղարաբաղյան հակամարտության գոտում» միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին ԱՄՆ-ն առաջին անգամ խոսել է 2016 թվականի հունվարին՝ մոտ հարյուր ամերիկացի կոնգրեսականների հայտնի նամակում։ Ապրիլյան պատերազմից հետո այս պահանջը սկսեց առաջ տանել հայկական կողմը, և 2016-ի մայիսին Վիեննայում Սարգսյան-Ալիև առաջին հանդիպմանը քննարկվեց այդ հնարավորությունը։ Բայց որոշ ժամանակ անց, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը Ռուսաստանին հաջողվեց չեղարկել այս օրակարգը։

Հիմա նույնն է տեղի ունենում՝ ՌԴ ԱԳՆ-ն միջազգային դիտորդության առաջարկը հայտարարել է «երեւակայական» Ռուսաստանի «ջանքերի» ֆոնին։ Ավելին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է ժամանել Հայաստան՝ համաձայնեցնելու ՀԱՊԿ տեղակայման հարցը։

Հայաստանի ղեկավարությունը պետք է գործի բացառապես ազգային անվտանգության շահերից ելնելով. Կառավարության սահմանադրական պարտականությունները ներառում են երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքներ, այլ ոչ թե անմիտ կերպով «դաշնակիցների» շահերի սպասարկումը։

Lragir.am