Search
Close this search box.

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայ գերիների հարցով դիմել է ՄԱԿ-ին ու ԵՄ-ին

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը դիմում է ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Ադրբեջանի իշխանություններին՝ բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ ազատ արձակելու համար՝ միջզգային իրավունքի համաձայն։ Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին մասնակցող Մայր աթոռի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։

Նշվում է, որ ԵՀԽ-ն դատապարտել է քիմիական զենքերի և կասետային ռումբերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործությունները, մարդկանց գլխատումը, կտտանքների ենթարկելը և այլն, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում: Խորհուրդը նաև կոչ է արել հարգանք դրսևորել Արցախի սրբավայրերի և մշակութային ժառանգության նկատմամբ՝ նկատի առնելով սրբապղծման մասին բազմաթիվ զեկույցները:

«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համագումարը կոչ է անում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում բովանդակալից երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորման համար, խնդրում է ԵՀԽ-ին և ԵՀԽ-ի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու իրենց ձգտման ճանապարհին»,- նշված է արձանագրության մեջ։

Խորհուրդը կրկին մտահոգություն է հայտնել տարածաշրջանի սրբավայրերի և հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ և կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ վայրերը պաշտպանելու համար։