Search
Close this search box.

Շատ աշակերտներ են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը. ԿԳՄՍ նախարար

Ավագ դպրոցներում, որպես կամընտրական առարկա, շատ աշակերտներ են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչպես է հայերենին տիրապետում թշնամին։ Նրանց դպրոցներում ուսուցանել են հայերեն և հիմա էլ ուսուցանում են. բնականաբար, ոչ համատարած։ Մենք էլ ադրբեջաներենն ու թուրքերենն առաջարկել ենք որպես կամընտրական լեզու ավագ դպրոցում, իսկ վրացերենն ու պարսկերենը` նաև հիմանական դպրոցի աշակերտների համար։ Մեզ մոտ շատերն են ընտրել ադրբեջաներենն ու թուրքերենը»,–ասաց Դումանյանը։

Նրա խոսքով` երբ տնօրեններից մեկից հետաքրքրվել է, թե ինչու է այդքան շատ տարբերությունը, և բավական աշակերտներ են ընտրել հենց վերոհիշյալ 2 լեզուները, պատասխանել են, թե պատճառը նույնն է, ինչ Ադրբեջանի դեպքում (հավանաբար նկատի ունի` թշնամու լեզուն պիտի իմանալ)։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է, որ ՀՀ դպրոցներում կուսուցանվեն «հարևան երկրների լեզուները» (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն)։ Դումանյանն ավելի վաղ հայտնել էր, թե հարևան երկրների և՛ լեզվին, և՛ մշակույթին պետք է ծանոթ լինենք։