Search
Close this search box.

Արցաղի նոր ճանապարհը միջանցք է, թե ոչ․ ՌԴ զորախմբի հրամանատարությունը լուռ է

Արցախի օկուպացված շրջանների բռնի տեղահանված բնակիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կորցրել են իրենց հայրենիքը Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում։ «Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակիչների կարծիքը, այն է՝ մեր օրինական ինքնորոշման իրավունքը, որը արտահայտվել է մեր կողմից 1988 թվականին և հաստատվել այդ իրավունքի իրականացման համար մեր 32 տարվա պայքարով։ Մենք հույսով սպասում ենք Արցախի Հանրապետության հիմնախնդրի արդարացի երկարաժամկետ լուծում՝ միջազգային կոնվենցիաների հիման վրա նրա բնակիչների իրավունքների պաշտպանության շրջանակներում», ասված է հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ։

Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններն ընթացել են կողմերի կողմից ընդունված 3 սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում և ուժի չկիրառում։ Տարածքների և ուժի կիրառման հարցը Բաքուն «լուծել է» Ռուսաստանի օգնությամբ, և հայկական կողմը դա չի վիճարկել։ Միաժամանակ հայկական կողմը չի բարձրացնում նաև կարգավիճակի հարցը՝ նշելով, որ գլխավորը «ոչ թե տարածքներն են, այլ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»։

Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ խոսվում է վերածնված Մինսկի խմբի մասին, թեև ՄԽ համանախագահներից մեկը՝ Ռուսաստանը, արգելափակում է բանակցությունները վերսկսելու բոլոր փորձերը։ Վաշինգտոնը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին նշանակեց Մինսկի խմբի համանախագահ և լիազորեց աշխատել նաև Եվրամիության հետ։ Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Այս հանդիպման նախօրեին Արցախի Անվտանգության խորհուրդը որոշել է, որ Հայաստանը Արցախին կապող նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ոչ թե սեպտեմբերի 1-ին, ինչպես հայտարարվել էր, այլ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին։ Այսինքն՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ պետք է հայտարարվի Բերձորի, ինչպես նաեւ միջանցքի վերջնական հանձնման մասին։

Արցախցի պատգամավորներն ասում են, որ ռուսական կոնտինգենտի հրամանատարության հետ հանդիպմանը ռուսներն այդպես էլ չեն պատասխանել հարցին, թե արդյոք նոր երթուղին միջանցքի կարգավիճակ կունենա։ Արցախի Անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր ճանապարհը նման կարգավիճակ կունենա, սակայն ռուսական կողմը դա չի հաստատում։ Այդ մասին Երեւանում էլ չեն խոսում։

Ուկրաինական իրադարձությունների ֆոնին, որտեղ ամերիկյան զենքն ու քաղաքական աջակցությունը փոխեցին պատերազմի ընթացքը, Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը ԱՄՆ ակտիվ և համախմբված միջամտությունը կարող է փոխել իրավիճակը նաև մեր տարածաշրջանում։ Բայց դրա համար հայկական կողմից նախաձեռնություններ են պետք, հայկական կողմը չպետք է տրվի ՌԴ ճնշումներին, որը կիրառում է Կոլցո գործողության ժամանակ փորձարկված մեթոդը՝ վախեցնել հայերին թուրքերով և «երաշխավորել» անվտանգությունը, եթե հայերը լքեն իրենց տները։

Արցախի խորհրդարանը ողջունել է Ֆիլիպ Ռիքերի նշանակումը և Մինսկի խմբի գործունեության հավանական վերսկսումը։ Հայաստանի ԱԳՆ-ն միայն հայտարարեց, որ «ոչ ոք չի չեղարկել Մինսկի խմբի մանդատը», իսկ Փաշինյանը և Պուտինը վերահաստատեցին իրենց հավատարմությունը եռակողմ հայտարարություններին։

Lragir.am