Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի զավեշտալի հայտարարությունը

Ուկրաինայում ռազմական գործողության տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում էր, դա անհրաժեշտ է խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական պետության առաջին դեմքերի հայտարարությունները հատկապես Ուկրաինայում խոշոր ձախողումների ֆոնին զավեշտալի են հնչում, եւ փորձագետներն արդեն դժվարանում են պատասխանել հարցին, թե նման հայտարարություններն ում են ուղղված։ Պատերազմի իրողություններն ու ընդհանուր պատկերը բոլորի աչքի առաջ են, հետախուզությունները հրապարակում են փաստագրված տեղեկություններ, եւ արտաքին լսարանի պահը բացառվում է։ Ներքին լսարանի պարագային նույնպես այդ հայտարարությունների իմաստը կասկածելի է։ Մնում է այն վարկածը, որ դա ՌԴ ուժային բլոկի ներսում տարաձայնությունների դրսեւորումն է, երբ ուժային կառույցները սկսել են միմյանց մեղադրել ուկրաինական ճակատում ձախողման համար եւ արդարացնել սեփական գործողությունները։

Ներքին տարաձայնությունների հիմնական թիրախը մնում է բանակը, որի ղեկավարության վերաբերյալ ռուսական համացանցում տարածվում են կոռուպցիոն հետաքննությունների արդյունքները։ Նշվում է, որ բանակի արդիականացման համար վերջին տարիներին մոտ մեկ տրիլիոն ռուբլու հատկացումները արդյունք չեն տվել, փոխարենը Շայգուն եւ իր շրջապատը, նրանց ընտանիքների անդամները դարձել են խոշոր սեփականատերեր։

ՌԴ բանակն արդեն մի քանի ամիս չի կարողանում առաջ շարժվել ուկրաինական արդյունավետ դիմադրության, մարդուժի ու տեխնիկայի խոշոր կորուստների, վատ կառավարման, ցածր մարտունակության եւ համալրման խնդիրների պատճառով։ Այս «բացը» ռուսական բանակը փորձում է լրացնել պարզապես խաղաղ բնակավայրերին եւ բնակչությանը հարվածներ հասցնելով։ Եթե դրանք լինեին հատուկենտ դեպքեր, կարելի էր վերագրել «թույլատրելի շեղումներին», սակայն դա գիտակցված մարտավարություն է եւ շարունակվում է ամեն օր։

Նույն օրը, երբ Շոյգուն անում էր այդ հայտարարությունը, ռուսական բանակը Դնեպրի շրջանում Իսկանդեր հրթիռով հարվածել է մարդատար գնացքին, որի հետեւանքով տասնյակ զոհեր կան, այդ թվում՝ երկու երեխա։