Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր հանձնեցին Աղավնոն․Սուրեն Պետրոսյանը ևս դուրս եկավ Աղավնոյից, որոշ մանրամասներ ներկայացնելով

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, ով վերջին օրերին տեղափոխվել էր Աղավնո, դուրս է եկել գյուղից եւ ֆեյսբուքյան լայվով հայտնում է, որ չկարողացան լուծել իրենց առջեւ դրված խնդիրը` պահել Աղավնո գյուղը:

«Երեկվա դրությամբ բացի պայքարի շրջանակում ներգրավված մարդկանցից, ուժային կառույցներից , գյուղում կար 5-6 համայնքի բնակիչ, որոնք այսօր եւս դուրս եկան գյուղից: Հաշվի առնելով անվտանգային վիճակը մենք դուրս եկանք գյուղից, նաեւ հաշվի առնելով այն, որ այդ քանակով այլեւս չէինք կարող իրականացնել մեր նպատակը: Իհարկե, մենք կարող էինք մնալ այնտեղ, ասել, որ դուրս չենք գալիս Աղավնոյից եւ մեզ դուրս կբերեին կամ հայ ուժայինները, կամ ռուս խաղաղապահները եւ արդյունքում կունենայինք բեմականացված իրավիճակ, որն ամենեւին էլ մեր նպատակների մեջ չէր մտնում: Մեր հիմնական եւ գլխավոր նպատակն էր ամեն գնով լուծել մեր առջեւ դրված խնդիրը, որը, ցավոք, մենք չկարողացանք լուծել»,- ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ այս ողջ ընթացքում իրենք տեսան, որ քաղաքական համակարգում գերազանցապես գիտակցվում է խմբային շահը, այլ ոչ թե պետական շահը:

«Ցավոք, քաղաքական համակարգի կողմից` մասնավորապես իշխանության եւ ընդդիմության կողմից փոխհամաձայնեցված կերպով հանձնվեց Աղավնոն կամ Լաչինի միջանցքը: Ցավոք, մենք գտնվում ենք արժեքային եւ ընդհանրապես ինքնության ամենախորքային ճգնաժամում, որը կարելի էր պատկերացնել: »- ասաց նա:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը նշեց, որ կատարվածում մեղք չունի ժողովուրդը եւ հատկապես Աղավնոյի բնակչությունը, ովքեր 2 տարում արել են անհնարը` գյուղն ապրեցնելու համար:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 6–րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուս խաղաղապահները։
Մանրամասները` տեսանյութում: