Search
Close this search box.

«Կինը և աղջիկը փրկվել են». Պայթյունից զոհված Հրաչյա Սարգսյանը «Սուրմալու» էր գնացել էր կնոջ եւ դստեր հետ՝ դպրոցական իրեր գնելու

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով զոհված Հրաչյա Սարգսյանը գնացել էր իր առաջին դասարանի աղջկա համար դպրոցական հագուստ գնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարևաններից մեկը: Հարևանի խոսքով՝ Հրաչյայի հետ առևտրի կենտրոն են գնացել նաև կինը և աղջիկը:

«Կինը և աղջիկը փրկվել են, կապտուկներ ունեն: Երևի դրսում են եղել, հստակ չեմ կարող ասել, փրկրարներն են օգնել»,- ասաց նա:

Հարևանը ասաց, որ Հրաչյա Սարգսյանին երկու օր առաջ են կարողացել գտնել, այսօր հուղարկավորել են: Սարգսյանը երեք աղջիկ երեխաների հայր էր։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: