Search
Close this search box.

Ալիեւին կհիշեցնենք՝ ի՞նչ եղավ Բաքվի բնիկ հայերի 100 մլրդ դոլար արժողությամբ գույքային իրավունքը

Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

Պարոն Այվազյան, ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էիք, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները Բերձորի վերաբնակեցման աշխատանք պետք է տանեն, քանի որ Բերձորն Արցախը Հայաստանին կապող պորտալարն է։ Եվ այսօր արդեն տեսնում ենք, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվում են։ Ի՞նչ գործընթացներ են սրանք, ի՞նչ վտանգ եք տեսնում:

Այս դեպքում ուզում եմ հնչեցնել հետևյալ հարցը՝ արդյոք գիտեն ինչի վրա են խաղադրույք արել, արդյոք այդ խաղադրույքը կարդարացնի իրեն։ Եթե մենք համարենք, որ օգոստոսի 25-ին Բերձորը պետք է դատարկվի, ինչո՞ւ բանակցային սեղանի վրա չենք դնում Հադրութի հարցը։ Իլհամ Ալիևը խոսեց Արցախի ու արցախահայության ճակատագրի մասին, այն է՝ ցեղասպանություն։ Ասաց, որ արցախահայերը ոչ մի կարգավիճակ չեն ունենա։ Ինքն ասում է, թե Արցախի քաղաքացիները կարգավիճակ չեն ունենա, հավասար իրավունքներ կունենան, ինչպես Ադրբեջանի քաղաքացիները։ Պետք է հիշեցնենք Իլհամ Ալիևին, որ կես միլիոն հայ էր ապրում Բաքվում, որտե՞ղ են նրանց ադրբեջանական անձնագրերը, որտե՞ղ է նրանց 100 մլրդ դոլար արժողությամբ գույքային իրավունքը։ Դրա մասին այսօր առաջին հերթին պետք է հիշեցնենք։ Ես բնիկ բաքվեցու իրավունքով հարցնում եմ՝ ո՞ւր են Բաքվի կենտրոնում մեր բնակարանները։ Եթե ինքն ուզում է Արցախի քաղաքացիներին անձնագրեր բաժանել, ապա ինչո՞ւ չպաշտպանվեցին մեր գույքային իրավունքները Բաքվում։ Այստեղ հավասարության նշան պետք է դրվի, եթե նրանք դրա մասին են խոսում, թող պատրաստվեն կես միլիոն հայության վերադարձին իրենց մայրաքաղաք՝ Բաքու։ Մենք պետք է հասկանանք, որ ինչպես 1988-1992 թվականներին, սա ցեղասպանության նոր կոչ է, Ալիևի հայտարարությունները սուտ են, սա նոր ցեղասպանության նախապատրաստում է։

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի շահագործումն ու Բերձորի հայաթափումը ի՞նչ է նշանակում։ Եվ ինչո՞ւ պետական մակարդակով դիմադրություն չկա։

Դա նշանակում է «խաղաղության» դարաշրջան, բայց միակողմանի խաղաղություն։ Իսկ դրա պտուղները բոլորս պետք է քաղենք։ Բայց այդուհանդերձ թող ոչ ոք չփորձի վիրավորված Արցախի ճակատագրի վրա խաչ քաշել։ Արցախը եղել է, կա ու կլինի, դա Ադրբեջանի կամքից չէ կախված։ Այնպես որ, Ալիևը շատ շուտ է տոնում իր չակերտավոր հաղթանակը։ Արցախում ինքնապաշտպանության որոշ լծակներ փորձում են օգտագործել, այն պարագայում, երբ մայր Հայաստանը արդեն իր երեխայից հրաժարվել է։

Մենք տեսնում ենք, որ նպատակ է դրված նաև լուծարել Արցախի պաշտպանության բանակը։

Արցախի ինքնապաշտպանության բանակը երբեք չի լուծարվելու, իրենք երազում են դա տեսնել։ Արցախահայության ապագան պայծառ է լինելու։ Ադրբեջանը փորձում է զարտուղի ճանապարհներով այդ հարցերը լուծել, բայց չի ստացվում, քարոզչական ճանապարհով է փորձում լուծել, դարձյալ չի ստացվում։ Իրենց ուզածն ի՞նչ է, որ արցախահայության վերջին բեկորները լքեն Արցախը։ Եվ իմ պատասխանն է՝ դա երբեք չի լինելու։ Ալիևը կմահանա, նրա որդին կմահանա, դուստրերը կմահանան, նրանցից հետո Ադրբեջանի մյուս ղեկավարներն էլ դա չեն տեսնի։ Ադրբեջանը կմտնի ներքին անկայունության հերթական փուլ, և շատ հնարավոր է, որ Ադրբեջանից ոչինչ էլ չմնա։ Մենք ընդամենը պետք է դիմադրենք, դիմակայենք, ընդամենը դա պետք է անենք, չհուսահատվենք։ Ես կարող եմ ասել, որ կովկասյան Ֆրանկենշթեյնը շուտով իր մահկանացուն կկնքի։ Մեզնից է կախված՝ ինչ-որ չափով կպահպանենք մեր գոյությունն այնտեղ, որտեղ ապրում ենք։ Ալիևը մտածում է, որ իր կյանքի ընթացքում կկարողանա կլանել Արցախը, դա երբեք չի լինելու։ Արցախը՝ որպես Հայաստանի գոհար, եղել է, կա ու ընդմիշտ կմնա։