Search
Close this search box.

Կարին Տոնոյանը որդու զինվորական հագուստով ուխտագնացություն է կատարել դեպի Արարատի գագաթ

44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` 5165 շարժման անդամ Կարին Տոնոյանը, ուխտագնացություն է կատարել դեպի Արարատի գագաթ։ Տեղեկությունը հայտնում է 5165 շարժման ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ Բուն Հայոց 4515 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացել է Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։

«Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման», – նշվում է շարժման ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Մենուա հովհաննիսյանն առաջիններից մեկն էր, որ 44–օրյա պատերազմի մեկնեց ռազմաճակատ։ Նա զոհվեց հայրենի հողի համար մղած պայքարում։ 2021թ–ի հոկտեմբերի 21–ին Մենուա Հովհաննիսյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: