Search
Close this search box.

Իրանի կարևոր զգուշացումը․ ինչ է տրված Հայաստանին և ինչ է սպասվում

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Ռայիսին հիշեցրել է, որ Թեհրանում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեին Պուտինին ու Էրդողանին զգուշացրել է Հայաստանի հետ սահմանի փոփոխության անթույլատրելիության մասին եւ ասել, որ Իրանը հակազդելու է նման ցանկացած փորձի։ Սա եւս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի հարավի անեքսիայի համատեղ ծրագրերը։ Այս առումով չափազանց խոսուն էր Մոսկվայում Լավրովի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարարի ուղիղ հարցը՝ Ռուսաստանը կո՞ղմ է Հայաստանի հարավային աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը։ Լավրովը մինչ այժմ չի պատասխանել։

Ավելին, ինչ որ պահի Իրանը տեղեկություններ է ունեցել ռազմական ճանապարհով Հայաստանի հարավի անեքսիայի վերաբերյալ եւ զորքեր է կենտրոնացրել սահմանին։

Իրանի դիրքորոշումը Հայաստանի հարցում կարեւոր է մեկ այլ տեսակետից՝ Հայաստանի աշխարհքաղաքական դերի, նշանակության եւ իրավունքների, ինչը հայկական միջավայրում հիմնականում անընկալելի բաներ են՝ «մեզնից ոչինչ կախված չէ, ոտքներս վերմակի չափով մեկնենք, ռուսը չլինի՝ թուրքը մեզ կուտի» պարտադրված «գաղափարաբանությամբ»։ Եթե մեզնից ոչինչ կախված չէ, մենք ոչինչ ենք, ոչ մեկին պետք չենք, ի՞նչ գործ ունենք այս տարածաշրջանում ու ինչո՞ւ դեռ կա հայկական պետականությունը, որի վրա հարձակվել են «փրկիչն ու դահիճը»։ Ինչո՞ւ ռուս-թուրքական 100-ամյա անդուլ ջանքերից հետո էլ նրանց ճակատագիրը դեռ կախված է Երեւանի մեն մի ստորագրությունից։

Սեփական դերի, նշանակության եւ իրավունքների գիտակցության, քաղաքական մտածողության բացակայությունը, «ռուսական փրկչության եւ դահիճ թուրքի» պարտադրված կաղապարից այն կողմ ոչինչ չտեսնելու կամ չտեսնել տալու հանգամանքն էլ բերում են ներքին ողորմելի բանավեճերին ու պատկերացումներին։ Քաղաքական դասի, քաղաքագիտական հանրության ու զլմ-ների գերակշիռ մասը շարունակում են մնալ այս վիճակում, եւ դրա բնական հետեւանքը պետք է լիներ Փաշինյան-Քոչարյան խորհրդարանը՝ իր անհեթեթ «խաղաղ դարաշրջանով» ու «դիմադրության շարժումով»։

Իրանի հետեւողական ու բաց տեքստով հայտարարությունները զգուշացում են նախեւառաջ Հայաստանին․ Հայաստանի իրական դերի ու նշանակության եւ հայերի պատկերացումների ողբերգական խզվածությունը առավել քան ողբերգական հետեւանքներ է ունենալու։
lragir.am