Search
Close this search box.

Մոսկվան ու Անկարան պատրաստում են նոր խոշոր գործարք․ Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն մատնեց Ռուսաստանի հետ «Ցորենի գործարքի» հեռահար նպատակը։ Ուկրաինական ցորենի արտահանման եւ նավահանգիստների ապաշրջափակման համաձայնագիրը պետք է հանգեցնի խաղաղ բանակցությունների՝ դիվանագիտական լուծման հանգելու համար, ասել է Չավուշօղլուն։

Ստամբուլում համաձայնագրի ստորագրումից հետո Կրեմլին մերձ փորձագետները խոսում էին հենց այդ հեռանկարի մասին։ Մոսկվան ու Անկարան ռուսական ներխուժման սկզբում «խաղաղ բանակցությունների» փորձի տապալումից հետո փորձում են հերթական «եռակողմ» ձեւաչափը հաստատել ցորենի գործարքի միջոցով։ Ռուսաստանը պնդում էր հենց Թուրքիայի միջնորդությունը, մերժելով այլ առաջարկները։

Թուրքիան այդպիսով ստանում է թե գլոբալ հումանիտար դերակատարություն, թե Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի «սննդամթերքի հաբի» գործառույթ, ինչն անկասկած կմեծացնի նրա դերը։ Խոսակցություններ կան, որ թուրքերը ցանկանում են հասնել այն բանին, որ Ուկրաինան իր ցորենի ողջ պաշարը շուկայականից էժան գներով վաճառի Թուրքիային։

Ռուսաստանը, ընդունակ չլինելով կոնվենցիոն պատերազմի, այս փուլում Ուկրաինայում իր տարածքային նվաճումներն ամրագրելու խնդիր ունի՝ դադար վերցնելու եւ ռազմական գործողությունների նոր փուլին պատրաստվելու համար։ Կրեմլը փորձում է սննդամթերքի ու էներգակիրների ճգնաժամ հրահրելով՝ հասնել Արեւմուտքի զիջումներին՝ «խաղաղություն տարածքների դիմաց» եւ պատժամիջոցների մեղմացում։ Դրա համար գործի են դրվել Արեւմուտքում ռուսական լոբբինգը, ագենտուրան, գնված լրատվամիջոցները եւ վերլուծաբանները, որոնք «սարսափելի հեռանկարի» նկարագրություններով փորձում են հասարակական կարծիքը թեքել Կրեմլի պահանջներին, ինչպես նաեւ պառակտում մտցնել ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում։

Կրեմլի գլխավոր հույսը եւ ապավենը Էրդողանն է, ինչը չեն թաքցնում Կրեմլի պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսափողները, հատուկ ծառայությունների հետ կապված ալիքները։ Նշվում է, որ օգոստոսի 5-ին Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվելու է համաձայնությունների լայն շրջանակ Սիրիայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այդ հարցերն ըստ էության արդեն ուրվագծվում են հանդիպման նախօրեին ՌԴ եւ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններով ու զլմ-ների հրապարակումներով։

Մինչ հայ մեդիա-քաղաքագիտական շրջանակները քննարկում են Ռուսաստան-Իրան-Չինաստան ինչ որ միության միության եւ Թուրքիայի հետ դրա տարաձայնությունների հարցերը, Մոսկվան ու Անկարան պատրաստում են նոր խոշոր գործարք, որի օբյեկտներից մեկը կարող է դառնալ Հայաստանը, որի տարածքով «պարզեցված ռեժիմով» ճանապարհները նախատեսված են ՌԴ եւ Թուրքիայի միջեւ գորշ սխեմաների ու մաքսանենգության համար։ Պուտինը պատրաստ է մեծ զիջումների գնալ Էրդողանին, նշում են ռուսական աղբյուրները։

Lragir.am