Search
Close this search box.

ԵՄ-ն` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Ողջունում ենք Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամով հանդիպումը Թբիլիսիում։ Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ ԵՄ-ն լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Նորմալացմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Ավելի վաղ ԱԳՆ–ից NEWS.am–ին հայտնել էին, որ արտգործնախարարների հանդիպմանը կողմերն անդրադարձել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Նախարարները քննարկել էն այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։

Նախարար Միրզոյանը վերահաստատել էր հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել էր հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։

Արձանագրվել էր շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը: