Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

Հուլիսի 16-ին տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում` նշելով, որ հանդիպումը կկայանա Թբիլիսիում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ արտգործնախարարների առաջին հանդիպումը նախատեսված է առավոտյան։ Նրա խոսքով` հանդիպման լավ արդյունքն այն կլինի, որ հայկական կողմն իր աշխատանքային խումբը ստեղծի։

Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։