Search
Close this search box.

ՌԻԱ-ն և Սոլովյովը չէին հեռացնի նյութն ու ներողություն չէին խնդրի, եթե նրանց չստիպեին «վերևից»

Հունիսի 10-ին Ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը հեռացրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը այն բանից հետո, երբ Բաքուն դժգոհել էր եւ արգելափակել ՌԻԱ-ի կայքը։ Հունիսի 22-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խուսափել էր Բաքվի այդ քայլի վերաբերյալ մեկնաբանությունից, ավելին, փաստացի մեղադրել էր ՌԻԱ-ին հարցազրույցը հրապարակելու համար, Արտակ Բեգլարյանի հարցազրույցը որակել որպես ֆեյք ու ապատեղեկատվություն եւ հույս հայտնել, որ Բաքվում ռուսական ԶԼՄ-ների արգելափակման դեպքեր քիչ կլինեն։

«Հունիսին սակայն սա միակ դեպքը չէր։ ՌԴ պետական գլխավոր քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովն իր Յութուբի ալիքում հարցազրույց էր վարել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Դավիթ Բաբայանը հայտնի է իր խիստ ռուսանպաստ դիրքորոշումներով ու ելույթներով, եւ այդ հարցազրույցն էլ բացառություն չէր։ Սակայն մի քանի օր անց Սոլովյովը պաշտոնապես Բաքվից ներողություն է խնդրել հարցազրույցի համար։ Ընդ որում, ներողություն է խնդրել ոչ թե իր Յութուբ ալիքում, որտեղ հրապարակել էր Բաբայանի հետ հարցազրույցը, այլ ՌԴ պետական Ռոսիա 1 հեռուստաալիքով։ Նա ասել է, որ սխալվել է:

Բնական է, որ թե ՌԻԱ Նովոստին, թե Սոլովյովը չէին հեռացնի նյութն ու ներողություն չէին խնդրի, եթե նրանց չստիպեին «վերեւից»։ ՌԴ վարչակարգը պատրաստ է նվաստացել նույնիսկ իր գլխավոր քարոզչական ռեսուրսը, որի վրա կառուցված է այդ երկիրը, միայն թե հանկարծ չնեղացնի Բաքվին։ Դա էլ է բնական՝ Արցախի հարցում Մոսկվան ու Բաքուն ամուր կապված են համատեղ հանցանքով, որի մետաստազները տարածվել են բոլոր ոլորտներում։

Ավելացնենք, որ Մոսկվան ու Բաքուն այս սկանդալային միջադեպերի ֆոնին պայմանավորվել են սերտ համագործակցել մեդիա ոլորտում, միասնաբար պայքարելով ֆեյքերի ու ապատեղեկատվության դեմ։ Հասկանալի է, որ այդ ձեւակերպումը վերաբերում է նախեւառաջ հայկական թեմաներին»- գրում է լրատվականը։

Lragir.am