Search
Close this search box.

Մարդիկ երեխաների հետ սոված կանգնած են, ժողովուրդը կոտորվեց.Ծառուկյանի 100 միլիոնի խառնաշփոթը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ գյումրեցիներին հատկացրած օժանդակությունն այսօր խառնաշփոթ է ստեղծել քաղաքում: Հիշեցնենք, որ երեկ Ծառուկյանը այցելել էր Գյումրի և հայտարարել, որ 100 մլն դրամ է հատկացնում՝ Ամանորին ընդառաջ կարիքավոր ընտանիքներին բաժանելու համար: Գումարից 50 մլն դրամը տրվել է Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանին, մյուս 50 մլն դրամը՝ դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որպեսզի նրանք բաժանեն գյումրեցիներին:
Այսօր առավոտվանից մեծ հերթեր են գոյացել Գյումրիի ԲՀԿ գրասենյակի մոտ: Այստեղ գումարը պետք է բաժաներ Վարդևան Գրիգորյանը, բայց գյումրեցիներից ստացված տեղեկատվության համաձայն, այդպես էլ որևէ մեկը գումար չի ստացել: Ըստ տեղեկությունների՝ յուրաքանչյուր ընտանիքի պետք է հատկացվի 20 հազար դրամ:
“Էդ 20 հազար դրամի համար մարդկանց առավոտվանից կոտորեցին”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցիներից մեկը, ով ժամեր շարունակ հերթում սպասել էր, բայց գումար չէր ստացել: Նրա խոսքով՝ գումարը չեն տվել՝ պատճառաբանելով, թե աղքատության համապատասխան միավորներ պետք է ունենան շահառուները: Բայց Գյումրիի դեպքում բարդ է նման տարբերակում անելը, քանի որ քաղաքի բնակչության մեծ մասն անապահով է:
“Ասում են՝ 37-ից բարձր բալեր պետք է ունենանք: Մարդիկ էնտեղ երեխաների հետ առավոտվանից սոված կանգնած են, ժողովուրդը կոտորվեց, ոչ մեկ ոչ մոտեցավ, ոչ պարզաբանում տվեց: Ծառուկյանն ասել է, որ բոլորին հասնելու է, բայց մեզ ասում են, թե ցուցակ պետք է փակցնեն”, բողոքեց գյումրեցին:
Վարդևան Գրիգորյանի գրասենյակի մոտ հավաքվածները տեղեկություն են ստացել, որ պատագամավոր Վարդան Ղուկասյանն արդեն շրջում է տնակային ավաններում և յուրաքանչյուր ընտանիքի 20 հազար դրամ է հատկացնում: