Search
Close this search box.

Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը

Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները:

Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը կայացել է Պետերբուրգի միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի ընթացքում:

Տրանսպորտային ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարների հանդիպման մասին նշվում է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին հաղորդագրությունում, որը հրապարակել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ. հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։

Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների նախորդ հանդիպումն էլ կայացել էր հունիսի 3-ին:

Կողմերը քննարկել և hստակեցրել էին իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով՝ ճանապարհներով և երկաթգծերով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։