Search
Close this search box.

Կրակոցներ՝ Լոռիում. 28-ամյա երիտասարդը մահացել է, կա վիրավոր

Հունիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմանում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչը՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչը՝ 25-ամյա Բորիս Վանյանը։

Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին, ժամը 23։30-ի սահմանում Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լոռու մարզի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քաղաքացի դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունի և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բժաին, որտեղ վերջինս հայտնել է, որ հունիսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմանում, իր ընկերոջ հետ տուն վերադառնալիս ճանապարհին նկատել են Ս. Դավոյանին, փորձել են օգնել նրան և տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորը իրենց հայտնել է, որ իր վրա կրակել է ոմն Բորիսիկը։ Նույն օրը՝ ժամը 03։50-ի սահմանում, «Ստեփանավան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բ. Վանյանը։ Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում և որտեղ է նշված վնասվածքները ստացել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ երեկ՝ առավոտյան՝ ժամը 06։00-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո տեղում Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործէ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։