Search
Close this search box.

«Անցել է թշնամու վերահսկողության անցած դիրք ու զենքները վերցրել». Ալբերտը հրաժարվել է նահանջել ու զոհվել հայրենիքը պաշտպանելիս

forrights.amը գրում է.

Պատերազմը զորացրված Աբրահամ Մարուխյանին, նրա տուն գնալուց մեկ ամիս էլ չանցած, նորից վերադարձրեց սահման: Նա սեպտեմբերի 27-ին թշնամու հարձակման մասին լուրը ստանալուն պես՝ ծնողներին տան շեմից հրաժեշտ տալով, մեկնել էր Արցախ: Ցանկացել էր պատերազմել Մատաղիսում, որտեղ երկու տարի ծառայել էր որպես սպա:

Աբրահամ Մարուխյանը լեյտենանտ էր: Չնայած, որ ուներ դիվանագետի մասնագիտություն, բայց 2018 թվականին որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ստացել էր լեյտենանտի կոչումն ու ծառայության անցել Մատաղիսում: Հրետանու հետախուզության պետն էր:

44-օրյա թեժ մարտերի առաջին օրերին Աբրահամը մարտերին մասնակցել է Հորադիզում: Ծանր մարտեր են եղել, թշնամին անդադար հրետանակոծել է դիրքերը որտեղ եղել են լեյտենանտն ու զինակից ընկերները: Հրամանատարական կազմից նահանջի հրաման է եղել: Աբրահամն ու ևս հինգ հոգի հրաժարվել են նահանջել:

«Նահանջ հրաման է եղել, հինգ ընկերներով հետ չեն եկել, մնացել են հայրենիքը պաշտպանելու: Ինքը նահանջող չէր, Աբրահամն ապրում էր «ոչ մի թիզ հող կորցնելու» գաղափարով»,- ասաց հայրը՝ Տիգրան Մարուխյանը, նրան Աբրահամի այս որոշման մասին հայտնել են պատերազմից վերադարձած ընկերները:

Ծնողների փոխանցմամբ՝ նա նույնիկս իր սաղավարթն է տվել պատերազմի մի մասնակցի, որը բազմազավակ հայր է եղել:

Նահանջ հրամանից հետո Աբրահամը ստանձնել է վեց հոգանոց խմբի հրամանատարությունը, զուգահեռ մարտական պատրաստվածություն սովորեցրել ընկերներին: Որոշ ժամանակ անց զենքի խնդիր է առաջացել: Հորը պատմել են, որ Աբրահամն անցել է հայկական կողմից լքված մի պոստ, որը դեռ գրավված չի եղել թշնամու կողմից, բայց նրանց նշանառության տակ է եղել, և, այնտեղից զենքեր է վերցրել:

«300 կոչվող պոստ է եղել, որը նաև ղեկավարման կետ է եղել, այդտեղից հայերը նահանջել են: Աբոն իմանալով, որ այտտեղ զենք կա հոկտեմբերի 2-ին գնացել ու բերել էր, նաև մնացած կարևոր քարտեզներ են եղել, որոնք ոչնչացրել է, որ թշնամին չտիրապետի կարևոր տեղեկությունների: Ճանապարհին էլ մի թուրքի են սպանել»,- փոխանցեց հայրը:

Աբրահամն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 3-ի լուսաբացին: Ծնողները յոթ ամիս շարունակ չեն կարողացել գտնել իրենց որդու դին:

«Յոթ ամիս փնտրել ենք, մտածել ենք, որ ողջ է, կապի միջոց չունի, չի կարողանում գալ: Յոթ ամիս անց ՔԿ-ից զանգեցին մեզ ասացին, որ ԴՆԹ-ն համապատասխանում է մարմնի հետ: Գնացի տեսա, որ իմ որդին էր: Ճիշտ է անճանաչելի էր, մարմինը քայքայված էր, բայց որոշ համընկնումներ կային»,- ասաց հայրը՝ նշելով, որ համոզվելու համար ևս մեկ ԴՆԹ հետազոտություն էլ իրենք են ՌԴ-ում իրականացրել: