Search
Close this search box.

1000 դրամի պարտադիր հանգանակությունը հունվարի 1-ից կգործի նաև Արցախում

Գալիք տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ կմտնի «ԱՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը պատճառած վնասների հատուցման համար» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին երեկ՝ դեկտեմբերի 21-ին կայացած տարեվերջյան լիագումար նիստում օրենքը վավերացվել է ԱՀ Խորհրդարանի կողմից:

Անդրադառնալով արդեն ընդունված օրենքին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը պատճառած վնասների հատուցման համար հանգանակվող այդ 1000 դրամը լինելու է նվազագույնը, իսկ ավելի շատ գումար նվիրաբերել ցանկացողները կարող են դա անել դրամաշնորհների միջոցով:

ՀՀ-ում «1000 դրամի» նախագիծն ընդունվել է անցած տարի, ըստ որի, ստեղծվել է մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների աջակցության հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող քաղաքացի իր աշխատավարձից ամեն ամիս 1000 դրամ է փոխանցում: 1000 դրամ պարտադիր վճարից ազատված են այն անձինք, ովքեր բանակում ծառայող զինվոր ունեն, զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ծնողներ են, իսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների փոխարեն վճարում են գործատուները:

Նշենք, որ հատուկ հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին: Մասնավորապես, մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամ միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամ փոխհատուցում։

Բացի դրանից, առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամ ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։

Ծրագրի իրականացման արդյունքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, սպաներին, ընդհանուր առմամբ, տրամադրվելու է 82 մլն դրամ, ենթասպաներին` 70 մլն դրամ, իսկ շարքային զինծառայողների ընտանիքներին` 58 մլն դրամ։

Այս Բաժնից