Search
Close this search box.

ՀՅԴ անդամների կողմից 2021թ. ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքեր են բացահայտվել

Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականացվել տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց բնակության վայրերում: Այս մասին ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կատարված խուզարկությամբ 2022թ. մայիսի 6-ին ՀՅԴ կուսակցության Արմավիրի տարածքային մարմնի ղեկավար Ա. Մ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով նոթատետրեր, որոնք բովանդակել են 2021 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողներին տարբեր չափերի կաշառք տալու վերաբերյալ տեղեկություններ:

«Ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ քրեական գործի նյութերի` նոթատետրերի զննությամբ պարզվել է, որ դրանցում, մասնավորապես, ներառված են ձեռագիր նշումներ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ նույն թվականի հունիսի 4-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց միջինը 15.000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 6.470.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ:

Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ կուսակցությունը մասնակցել է «Հայաստան» դաշինքի կազմում, և ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության աշխատանքները համակարգվել են Արմավիր քաղաքում գործող գրասենյակից` Ա. Մ.-ի կողմից: Բացի այդ, նոթատետրերում առկա են ձեռագիր գրառումներ նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզում անցկացված ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ 2021թ. նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՅԴ գերագույն մարմնից, ՀՅԴ մարզային կառույցից ու դրա նախընտրական շտաբից հատկացված դրամական միջոցների և նշված ժամանակահատվածում բազմաթիվ անձանց 5000-20.000-ական, ընդհանուր` շուրջ 3.513.000 ՀՀ դրամի գումարներ բաշխելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու մասին են փաստում, մասնավորապես, նոթատետրերում տարբեր անձանց տվյալների դիմաց կատարված` «ՀԱՏԿԱՑՈՒՄ ԳՄ-ից», «ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՄԿ-ից» և «ՀԱՏԿԱՑՈՒՄ ՇՏԱԲԻՑ» ձեռագիր գրառումներն ու ընտրակաշառք տալու և ստանալու հաշվարկները:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Խուզարկություններ են կատարվել ՀՅԴ կուսակցության Արմավիրի մարզում տեղակայված մի շարք գրասենյակներում, ինչպես նաև նույն մարզային կառույցի տասնյակից ավելի անդամների, այդ թվում` գրասենյակների համակարգողների և նախընտրական քարոզարշավներում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց բնակարաններում: Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր ցուցակներ, այդ թվում` գումարային նշումներով:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հիշյալ ցուցակներում ներառված անձանց ինքնությունը պարզելու, նույնականացնելու, ինչպես նաև կաշառք ստանալու և տալու դեպքերի հանգամանքներն ու դրանց առնչված անձանց պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2022 Armenia today