Search
Close this search box.

ԱԺ նախագահը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։

«Բայց իմ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ԱԺ նախագահը նշեց՝ երևի 10-15 անգամ ասել են, որ ընդդիմության հետ համագործակցելու առաջարկությունն ուժի մեջ է, ուժի մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և քննարկելու յուրաքանչյուր հարց։

«Բայց ես մտավախություն ունեմ, որ նրանք այդ օրակարգը մերժում են, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի։ Իրենց ասելիքը որպես այդպիսին, ձևավորված չէ և իրենց առաջարկը, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ չկա։ Եթե քաղաքական ասելիք կա, քաղաքական ասելիքի գործընթացի վայրն այս դահլիճն է»,- եզրափակեց Սիմոնյանը։