Search
Close this search box.

ՀԷՑ-ը կզրկվի մենաշնորհից

Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում լինելու է, Հայկական էլեկտրական ցանցեր ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Դա լրիվ նոր օրենսդրական նախաձեռնության փաթեթ է, որը շուտով կներկայացնենք խորհրդարան: ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու»,- ասաց Հարությունյանը:
Փոխնախարարը հավելեց, որ Հայաստանն օբյեկտիվ պայմաններից ելնելով՝ էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, բայց դա լավ չէ:
«Ցանկացած էներգետիկ կախվածություն վատ է երկրի համար: Մեր նպատակը մաքսիմալ էներգետիկ անկախությանը ձգտելն ու հասնելն է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարվելիք ներդրումներին՝ Հայկ Հարությունյանն ասաց, որ ներդրումային ծրագրի նպատակն է, որպեսզի ավելի հուսալի և անվտանգ էներգահամակարգ ունենանք:
Հարցին, թե հնարավո՞ր է ներդրումների հետևանքով բնակչության համար բարձրացվի սակագինը, նա պատասխանեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ներդրումները բացասական ազդեցություն չունենան սակագների վրա, և այդ ներդրումները փոխհատուցվեն այն խնայողություններից, որոնք լինելու են»: