Search
Close this search box.

Ազատություն ռադիոկայանը փոխել է հարցազրույցի շեշտադրումները.ԱԳՆ-ի արձագանքը՝ Ազնավուրի քննադատությանը

ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ «Միլիոններ են գողանում, մնում են անպատիժ». Ազնավուրը` Հայաստանի իշխանությունների մասին հոդվածում, որի սկզբնաղբյուրը Ազատություն ռադիոկայանն է, ներկայացված են փոփոխված փաստեր ու տեքստ: Իրականում Ազնավուրը չի քննադատել ՀՀ իշխանություններին, այլ խոսել է համընդհանուր խնդիրների մասին.

«Ազատություն ռադիոկայանը ս.թ. դեկտեմբերի 17-ին հրապարակված՝ «Շարլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Շարլ Ազնավուրի՝ Նուվել դ՛Աղմենի ամսագրին տրված հարցազրույցին՝ նշելով, որ վերջինս իր պատասխաններում քննադատական խոսքեր է հղել Հայաստանի իշխանություններին: Ազատություն ռադիոկայանը, մեջբերելով Շառլ Ազնավուրին, մասնավորապես գրում է. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»:

Մինչդեռ հարցազրույցի ֆրանսերեն լեզվով բնօրինակ տեքստն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Ազատություն ռադիոկայանը փոխել է հարցազրույցի շեշտադրումները և շանսոնյեի խոսքերը ներկայացրել որպես քննադատություն՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ, այնինչ Ազնավուրն իր հարցազրույցում ընդհանրական անդրադարձ է կատարում Հայաստանին և նրա խոսքն հիմնականում ուղղված է հայ ժողովրդին ընդհանրապես, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին մասնավորապես:

Բացի այդ, ռադիոկայանի կողմից հարցազրույցի մեկնաբանությունը ընդհանուր առմամբ ներկայացված է հատված-հատված, կոնտեքստից կտրված մեջբերումներով և ընթերցողի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծել, մինչդեռ բնօրինակում Շառլ Ազնավուրը բավական դրական երանգներով է ներկայացնում իրականությունը: Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի այն անդրադարձը, թե իբր Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ – «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:, ևս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետևյալը՝ «Ես դա ասել եմ հայերին» (Je le dis aux Arméniens)»,-նշվում է ԱԳՆ տարածած հայտարարությունում: