Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ ասում են՝ ուզում ենք գործողություններ, մենք այդ գործողություններն այսօր սկսել ենք, ես տուն չեմ գնալու․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների սկզբի մասին։

«Սիրելի՛ հայեր, այսօր ես որոշում կայացրեցի և եկա Ազատության հրապարակ, եկա միայնակ, որևէ մեկի հետ չխոսելով ու նախապես ոչինչ չկազմակերպելով եկա, որովհետև մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ հապաղելու ժամանակ չունենք, մենք անգամ ուշացել ենք։ Ուշացել ենք, բայց ես տեսում եմ այստեղ եկող և գնացող քաղաքացիների աջակցությունը, մեծաթիվ ոստիկանների ներկայությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք չենք հանձնվելու, ժողովուրդ ջան, մենք չենք հանձնվելու։ Մարդիկ ինձ, մյուս ընդդիմադիր գործիչներին երբ տեսնում են, ասում են՝ ուզում ենք գործողություններ, անժամկետ բողոքի ակցիաներ, մենք այդ գործողություններն այսօր սկսել ենք։ Ես տուն չեմ գնալու, ով մնում Է, մնում ենք իրար հետ։ Մեր պայքարը հանուն մեր երկրի է, հանուն Արցախի ու հանուն Հայաստանի»։

Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե ոստիկանությունը թույլ կտա վրան կտեղադրեն և կմնան վրանում,եթե ոչ, ապա կմնան դրսում․«Մենք էլ կմնանք բաց երկնքի տակ ու կպայքարենք հանուն մեր հայրենիքի, շնորհակալ եմ բոլորիդ, պայքարը շարունակվում է»։

Ազատության հրապարակում նաև արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչներ են, ովքեր իրենց համաձայնությունն ու աջակցությունն են հայտնում Արթուր Վանեցյանին։