Search
Close this search box.

«ՀԺ». Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:

Նախագիծն այսօր տեղադրվել է «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը որոշում է.

2018 թվականի ապրիլի 1-ից  ժամանակավորապես  արգելել աջակողմյան  ղեկային  տեղաբաշխմամբ  տրանսպորտային  միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքի մասին»:

Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել  մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: