Search
Close this search box.

ԱՊՊԱ–ն թանկանում է. հայտարարություն

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն։

Նշվում է նաև, որ համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները։ Դա հանգեցրել է բոնուս-մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։ Բոնուս-մալուսը զեղչերի համակարգ է, որը թույլ է տալիս հաշվարկել ԱՊՊԱ վկայագրի արժեքը` հաշվի առնելով ապահովադրի (հաճախորդի) ապահովագրական պատմությունը: Ապահովագրական դեպքերի բացակայության դեպքում տրամադրվում է զեղչ, իսկ դրանց առկայության դեպքում վկայագրի արժեքը բարձրանում է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում, այսինքն` 2010 թվականից սկսած, երբ երկրում ներդրվեց ԱՊՊԱ համակարգը, սակագների աճի վրա վերոհիշյալ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական բարելավումների հաշվին։ Բայց գոյություն ունի նաև իրավիճակի հակառակ կողմը. գների մշտական պահպանումը հանգեցրել է համակարգի աշխատանքի որակի վատթարացմանը, ապահովագրողները սկսել են ավելի ցածր գնահատել վնասի արժեքը, ուշացումով վճարել փոխհատուցումները և այլն: Իսկ հիմա նշվում է, որ իրավիճակի շտկումը սակագների վերանայում է պահանջում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
Երևանում ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80 վարորդի են հայտնաբերել
Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի ապահովագրության վերջնական արժեքի հաշվարկման ժամանակ բազային գումարը բազմապատկվում է մի շարք գործակիցներով։ Դրանք են` վարորդի տարիքը, նրա փորձը, մեքենայի շարժիչի հզորությունը, օգտագործման ժամկետը, ապահովագրման ժամկետը, նախորդ ԱՊՊԱ վկայագրերի ձևակերպման ժամանակ կոպիտ խախտումների առկայությունը (կամ բացակայությունը), ինչպես նաև տարածքային գործակիցը և վերոնշյալ բոնուս-մալուս գործակիցը:
Համեմատության համար նշենք, որ ներկայումս 2012թ.-ի արտադրության (Հայաստանում մեքենաների գրեթե միջին տարիքն է), շարժիչի 2 լիտր ծավալով և 150 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի ապահովագրության համար 5 տարվա փորձ ունեցող վարորդը, վթարների բացակայության դեպքում, վճարում է 40-42 հազար դրամ։
Միաժամանակ, հասկանալով, որ հիմնական ապահովագրավճարի ավելացումը՝ ռիսկայնության գործակիցների ճշգրտմանը զուգահեռ, կարող է շատ կտրուկ անբարենպաստ հետևանքներ ունենալ վարորդների որոշակի հատվածի համար, որոշել է փոփոխել ապահովագրավճարների հաշվարկման մոտեցումը։

«Խմբակային» սակագների փոխարեն այժմ կներդրվի անհատական սակագների համակարգ։ Ըստ գործող կանոնակարգերի, տաքսու վարորդները կամ մեծ ձիաուժ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը ստիպված են լինում ավելի բարձր ապահովագրավճար վճարել զուտ այդ խմբում գտնվելու պատճառով. յուրաքանչյուր վարորդի վարքագիծը, «մաքուր» ապահովագրական պատմությունն այս դեպքում հաշվի չեն առնվում: Այժմ որոշվել է վերացնել այդ անարդարությունը և անհատական գնագոյացման համակարգ հաստատել։
Ինչպես արդեն նշվեց, բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա:
Բյուրոն որոշել է վերանայել նաև բոնուս-մալուս համակարգի կիրառման մեթոդաբանությունը։ Նախկինում մալուսների քանակի որոշման հիմքում վարորդի մեղքով տեղի ունեցած ՃՏՊ–ների քանակն էր, այժմ քանակին կավելանա նաև փոխհատուցման չափը։

Նախկինում յուրաքանչյուր վթարի համար այն հաճախորդը, որի մեղքով տեղի էր ունեցել վթարը, ստանում էր 4 մալուսային դաս, որտեղ յուրաքանչյուր դասը 3 տոկոս ավելացնում էր ապահովագրության արժեքը։ Այլ կերպ ասած, եթե X վարորդը ապահովագրության համար վճարում է տարեկան 40 հազար դրամ, տարվա ընթացքում նրա մեղքով վթար է տեղի ունենում, ապահովագրական ընկերությունը հատուցում է Y վարորդին, ապա հաջորդ տարի առաջին վարորդը ստիպված էր վճարել 44.8 հազար դրամ։
Հիմա հաշվարկման համակարգը կփոփոխվի, և բոնուս–մալուս հաշվեկշիռը կախված կլինի հատուցման չափից։ Մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով վնասներով պատահարների համար ապահովադիրները կստանան ոչ թե 4, այլ 3 մալուսային դաս, այսինքն` ապահովագրությունը նրանց համար կթանկանա 9 տոկոսով։ 100-ից մինչև 200 հազար դրամի չափով վնասների դեպքում հաճախորդը ստանում է 4 մալուսային դաս։
Արդյունքում բարեխիղճ վարորդները կշարունակեն ստանալ իրենց բոնուսները, իսկ դա ԱՊՊԱ–ի տարեկան արժեքի 3% զեղչն է: Իսկ օրինախախտները ստիպված կլինեն ավելի շատ վճարել ապահովագրության համար։