Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն ասել է` ինչը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի գործարկման առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը թույլ կտան զգալիորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում գերատեսչությունը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին։

Հարցին, թե Ռուսաստանը 2022 թվականին ինչ խնդիրներ է իր առջև դրել հայ-ադրբեջանական կարգավորման համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը:

«Այսօր առաջնային խնդիրը սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսելն է, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ։ Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում», – ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ապագային, որտեղ ակտիվ են արտաքին խաղացողները, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են` կողմ են, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղալու սկզբունքով, այլ հաշվի առնեն կողմերի շահերն ու եռակողմ պայմանավորվածությունները: