Search
Close this search box.

Պատերազմում զոհված զինծառայողի կինը որդու հայրության ճանաչման պայքար է մղում

Մեկ տարուց ավելի է` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վրեժ Մինասյանի այրին դատարաններում փորձում է ապացուցել, որ ամուսնու մահվանից օրեր անց ծնված երեխայի հայրը իր ամուսինն է:

«Մեզ համար, մանավանդ իր պապայի համար շատ սպասված երեխա է եղել», — ասում է Վերոնիկա Մնացականյանը:

Փոքրիկ Մաքսը մայրիկի ազգանունն ունի, Վերոնիկան` միայնակ մոր կարգավիճակ: Պատմում է՝ Վրեժի հետ 5 տարի միասին էին, ամուսնությունը, ինչպես հաճախ է պատահում, զագսով (քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունով) չէին ամրագրել, նշանադրվել, ապա ամուսնացել են եկեղեցական կանոններով: Համատեղ կյանքի բոլոր դրվագները Վրեժի ու Վիկայի ֆեյսբուքյան էջերում են, հետո շատ սպասված հղիությունն էր, հետո` պատերազմը. «Ճուտիկս ծնվել է հայրիկի հուղարկավորությունից հետո` ամսի 15-ին, հայրիկին հուղարկավորել ենք նոյեմբերի 14-ին»:

Վրեժը հոկտեմբերի 26 ին էր կամավոր մեկնել Արցախ, ականանետի հաշվարկի հրամանատար էր: Հղիության 8-րդ ամսում գտնվող կնոջը այլ բան էր ասել՝ զորավարժությունների է. «Ինքը խնդրել էր բոլորին, որ իմ իրավիճակում ինձ չասեն, որ ինքը մարտի դաշտում է, որ ես հանգիստ լինեմ, հղիությունս նորմալ անցնի: Ես գիտեի, որ Հոկտեմբերյանում զորավարժությունների է, ինքն ինձ օրը երկու անգամ, չգիտեմ ոնց, զանգում էր, ասում էր` հանգիստ եղեք»:

Զոհվել է նոյեմբերի 8-ին Մարտունիում: Օրեր անց ծնվել է որդին: Փոքրիկը զոհված հայրիկին վերաբերող հիշատակի միջոցառումներին է մասնակցում, Եռաբլուր գնում հայրիկի պատկերով շապիկով։ Մայրը հայրության ճանաչման պայքար է մղում. «Արդեն 1 տարի 2 ամիս է անցել էս դատարանից էն դատարան, այսքանից հետո մի բան էլ մենք քաշքշուկների մեջ ենք»:

Վերոնիկան փոքրիկի ծնվելուց հետո դատարան հայցադիմում էր ներկայացրել հայրության ճանաչման պահանջով, ասում է՝ ներկայացրել է բազմաթիվ լուսանկարներ ամուսնական պաշտոնական արարողությունների, համատեղ կենցաղի մասին, բնակվել են ամուսնու հայրական տանը` Դավթաշենում, այդ համայնքին սպասարկող պոլիկլինիկայում է հաշվառվել որպես հղի: Պետք է որ հարցեր չծագեին, սակայն դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է հայցադիմումը:

«Հիմնավորել են, որ ինչու մենք զագս չենք դիմել առաջնահերթ, այնտեղից մերժման թուղթ չենք ստացել և դրանից հետո չենք դիմել դատարան», — ասում է նա:

Փաստաբան Դիանա Գրիգորյանը դատավորի կայացրած այս որոշումը սարսափելի է որակում. «Դատավորն ասում է` բալիկ ջան, ճիշտ է` քո պապան գնացել է, իր կյանքը տվել է հայրենիքին, այս երկրի պաշտպանությանը, ու նրա համար, որ ես այստեղ վճիռներ կայացնեմ, բայց ես ասում եմ` քո պապան քո պապան չի:

Չի կարող անբարոյականությունն արդարադատության հետ համահունչ լինել, և պետք է գործադրվեն որոշակի մեխանիզմներ կանգնեցնելու համար այդ անբարոյական անարդարությունը»:

Ըստ փաստաբանի՝ հայրության ճանաչման մերժման հիմքում դատավորը դրել է այն հանգամանքը, թե դիմողը նախ պետք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունից մերժում ունենար, նոր դատարան դիմեր, սակայն այս ծառայությունը հայրության ճանաչման պետական գրանցում իրականացնում է միայն երկու ծնողների դիմումների դեպքում. «Վիկտորիան իրավաչափորեն չի դիմել, որովհետև այդ մարմինը մի ծնողի դիմումի հիման վրա հայրության գրանցում չի իրականացնում»:

Հետաքրքիր է, որ զոհված զինվորի որդու հայրության ճանաչումը մերժվում է ոչ այն պատճառով, որ կասկածի տակ է դրվում բուն արյունակցական կապը, կամ գենետիկ փորձաքննության կարիք է առաջանում, նման հարցեր դատավորի մոտ չեն առաջացել, միայն այն, որ զագսից թուղթ չկա, շեշտում է փաստաբան Գրիգորյանը. «Երեխայի հայրական պապն ու տատը ասում են` էս երեխան մեր թոռն է, մեր տղայի երեխան է, մեր հարսն իր տնից չի բերել այս երեխային, ճանաչեք, որ մեր երեխան է, ես իմ ժառանգությունը տամ»:

Դիանա Գրիգորյանը Վերոնիկայի փաստաբանը չէ, պարզապես ևս 6 փաստաբանների հետ դիմել են դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի դատավորները գնահատեն իրենց գործընկերոջ որոշումը, գնահատել են. «Գտել են, որ դատավորի կողմից կայացված դատական ակտում առկա է օրենքի կոպիտ խախտում»:

Վաղը Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելու է դատավոր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Աանկախ այս քննարկման ելքից՝ փոքրիկ Մաքսը հավանաբար շուտով կստանա հայրիկի ազգանունը. առաջին ատյանում մերժվելուց հետո մայրիկը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, դատարանը գործը ուղարկել է նոր քննության նոր դատավորի մոտ:

«Իմ տեղեկություններով` գործը քննում է առաջին ատյանի դատարանի դատավոր տիկին Հովսեփյանը, հետաքրքիրն այն է, որ տիկին Հովսեփյանը ևս պատերազմում կորցրել է իր որդուն, և եթե ես չեմ սխալվում, գործով կա արդեն վերջնական դատական ակտ»:

Հայրության ճանաչման պահանջը, փաստաբանի տեղեկությամբ, արդեն բավարարվել է, դատական տեղեկատվական համակարգում դեռևս որոշումը չի տեղադրվել: Վերոնիկան դեռ սպասում է: Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող գումարներից ոչ ինքը, ոչ փոքրիկը չեն օգտվել՝ հենց այս դատական քաքշոցի պատճառով: Զինվորի այրին շեշտում է՝ հիմնադրամի օրինական շահառու դառնալը կօգներ, իհարկե, կարևոր է, բայց ամենակարևորը չէ. «Առաջնահերթ ինձ համար կարևորն այն է, որ ինքն իր պապայի ազգանունը կրի»: