Search
Close this search box.

Դանակահարություն հացի փռի մոտ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր, հունվարի 3-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ժամը 00։20-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է լրատվականը, իրավապահները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Էրիկ Մ․-ն է։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել հունվարի 2-ին ժամը 23։15-ի սահմաններում Արագածի զանգվածի 2/118 հասցեի մոտ «Տաք հաց» փռի մոտից, որտեղ անհայտ անձի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ են հասցվել նրան։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են նրան դանակահարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, ով Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Հ․-ն է, ինքնակամ ներկայանում է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվում է։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։