Search
Close this search box.

«Իմ քայլը» Երևանի ավագանու վաղվա նիստին չի մասնակցելու

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու վաղվա` դեկտեմբերի 21-ի նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ Պատճառը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քաղաքական հակասություններն են։
«Հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին»,– հայտարարում է «Իմ քայլը»։

Բոյկոտն, ի դեպ, վերաբերում է միայն վաղվա նիստի աշխատանքներին։ Նույն հայտարարության մեջ իշխող խմբակցությունը փաստում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր։
Հետևաբար, իշխող ուժը միաժամանակ նաև հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին` «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։