Search
Close this search box.

Դատարանը քաղաքապետարանի գործողությունը ոչ իրավաչափ է ճանաչել

ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը շահել է ընդդեմ Երևանի քաղաքապետարանի դատական հայցը և հետ ստացել ձյունը չմաքրելու համար իր նկատմամբ նշանակված տուգանքը: Երևանի քաղաքապետարանը չորս տարի առաջ «Ակթրեյդ» ընկերության գրասենյակի տարածքի ձյունը չմաքրելու պատրվակով տուգանել էր Տիգրան Սարգսյանին, ով այս ընկերության տնօրենն է: Սարգսյանը բողոքարկել է տուգանքի որոշումը, չորս տարի անց հաղթել դատարանում, տուգանքի գումարները հետ է ստացել: Նա իր անձնական միջոցներից գումարներ է ավելացրել դրանց ու ընկերության գրասենյակի հարակից տարածքի աստիճաններին, որը սպասարկում է տարածքի բնակչությանը, բազրիքներ է կառուցել:
«Դատարանը քաղաքապետարանի գոործղութունները ոչ իրավաչափ է ճանաչել, և տուգանքի մասին որոշումն անվավեր է համարվել: Այսինքն՝ իրենք ոչ միայն տուգանելու հիմքեր չեն ունեցել, այլ նաև իրենց վարչարարությունն է սխալ եղել: Մենք վիճարկել էինք իրենց տուգանքի որոշումը, բայց իրենք, չսպասելով դատարանի վճռին, մտել էին ԴԱՀԿ ու փողը քաշել ինձնից: Ինձ հաջողվեց գործը տանել մինչև Վճռաբեկ դատարան ու այդ գումարները հետ ստանալ իրենցից: Այդ գումարից 20 հազար դրամն ինձ հաջողվեց հետ բերել, բայց 5000 դրամ էլ ԴԱՀԿ-ն է քաշել, փորձում եմ դա էլ հետ բերել»,- Lragir.am-ին պատմեց Տիգրան Սարգսյանը:
Նա ասում է, որ այդ գումարներով հանրօգուտ աշխատանք է արել, քանի որ հատկապես ձմռանը Բաղրամյան պողոտայից դեպի բնակելի շենքեր տանող այդ ճանապարհի սանդուղքներով անհնար է լինում բարձրանալ-իջնել առանց բազրիքների: Տարիներ շարունակ այդ հարցը բնակիչները բարձրացրել էին քաղաքապետարանում, բայց ապարդյուն:
«Քաղաքապետարանում մտածելակերպի փոփոխություն պետք է լինի, իրենք միայն մտածում են փող քերեն, տուգանեն, վախեցնեն: Եկեք փոխենք մեր մտածելակերպը, մտածենք, թե ինչպես խրախուսենք քաղաքացուն, որպեսզի ինքն ինչ-որ օգտակար բան անի: Մասնավորապես, առաջարկում եմ՝ եկեք արտոնությունների դաշտ ստեղծեք այն գործարարների համար, ովքեր իրենց հարակից տարածքները բարեկարգում են»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նա նաև ձյունը չմաքրելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանվող ընկերություններին հորդորում է չվճարել տուգանքները և բողոքարկել այդ որոշումները:
«Ըստ Սահմանադրության՝ ոչ ոք չի կարող կրել պարտավորություններ, որոնք նախատեսված չեն օրենքով: Հետևաբար, քաղաքապետի և այլ պաշտոնյաների որոշումները զրո են, քանի որ գոյություն ունի Սահմանադրություն: Մարդկանց խորհուրդ եմ տալիս նման դեպքերում բողոքարկել»,- ասաց նա: