Search
Close this search box.

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն ու ախտանիշը

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝ ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը: Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը բնորոշվում է կոկորդի հյուսվածքներից չարորակ գոյացությունների առաջացմամբ: Եթե դիտարկենք քաղցկեղով հիվանդացության բոլոր դեպքերը, ապա կոկորդի քաղցկեղը կազմում է ընդհանուր թվի 2%-ը: Հիմնականում այս հիվանդությամբ տառապում են տղամարդիկ՝ մոտ 8 անգամ ավելի հաճախ, քան` կանայք:

Հիվանդությունը հիմնականում զարգանում է ի պատասխան ծխախոտի և ալկոհոլի չարաշահման: Ծխողների և սպիրտային խմիչքների սիրահարների մոտ կոկորդի բջիջներն աստիճանաբար վերափոխվում են, ինչը պայմանավորում է նախաքաղցկեղային գործընթացի զարգացումը: Սակայն վնասակար սովորություններից հրաժարվելու դեպքում հյուսվածքների նախաքաղցկեղային վիճակը կարող է անհետանալ:

Ախտանիշներ

Կոկորդի քաղցկեղի ամենտարածված ախտանիշներն են.

.ձայնի փոփոխությունը, օրինակ, խռպոտությունը կամ խզվածությունը,
.ցավ կոկորդում, որը չի անցնում,
.ականջացավը,
հազը,
.կլման դժվարեցումը կամ ցավոտությունը,
պարանոցի վրա ուռուցքի առկայությունը կամ այտուցվածությունը,
.քաշի կորուստը:

Նմանատիպ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, ով կուղեգրի համապատասխան հետազոտությունների:

Ախտորոշում

Սկզբում, ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, բժիշկն իր հարցերի պատասխանների հիման վրա պացիենտի հիվանդության պատմութունն է ձևակերպում, և, գանգատներից ելնելով, կատարում որոշ եզրակացություններ: Ապա բժիշկը զննում է հիվանդին, ստուգում պարանոցի այտուցվածությունը, ավշային հանգույցների վիճակը և վահանաձև գեղձը:

Կոկորդի զննումն իրականացվում է լարինգոսկոպիայի միջոցով: Անուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ բժիշկը պացիենտի կոկորդում տեղադրում է փոքր հայելի, որը կարող է փսխման ռեֆլեքս առաջացնել, ինչից խուսափելու նպատակով բերանի խոռոչը նախապես ցողվում է անզգայացնող նյութով:

Ուղղակի լարինգոսկոպիայի ժամանակ պացիենտի քթային անցուղու կամ բերանի միջոցով անցկացվում է բարակ ճկուն լարինգոսկոպ, որի օգնությամբ բժիշկը կարողանում է գնահատել կոկորդի պատերի և ձայնալարերի վիճակը:

Համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ հաջողվում է ստանալ կոկորդի ռենտգեն նկարների շարք, գնահատել ուռուցքի չափերը, ինչպես նաև նրա տարածվածությունը շրջակա ավշային հանգույցներ: Առավել մանրամասն հետազոտության նպատակով կիրառվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Վերջնական ախտորոշման նպատակով իրականացվում է բիոփսիա, որի դեպքում կոկորդի հյուսվածքից փոքր կտոր է վերցվում կամ կատարվում է ուռուցքի բարակ ասեղային պունկցիա:

Բուժումը

Ճառագայթային բուժումը հնարավորություն է տալիս զգալիորեն դանդաղեցնել ուռուցքային աճը կամ ընդհանրապես ոչնչացնել: Ներկայում կիրառվում է բուժման երկու տարատեսակ՝ ներքին և արտաքին ճառագայթային բուժում: Արտաքին ճառագայթային բուժման դեպքում ճառագայթն ուղղվում է հիվանդի ուռուցքի վրա: Ներքին ճառագայթային բուժման դեպքում ռադիոակտիվ նյութերը ներմուծվում են ուռուցքի հարակից հյուսվածքներ (կամ հենց ուռուցքի մեջ) խողովակների, ասեղների կամ կաթետրների միջոցով:

Ճառագայթային բուժման այս կամ այն տեսակը կիրառվում է՝ կախված հիվանդության փուլից կամ տեսակից:

Ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվում են ռադիոսենսիբիլիզատորներ՝ նյութեր, որոնք չարորակ ուռուցքի զգայնությունը բարձրացնում են ճառագայթային բուժման նկատմամբ:

Վիրահատական միջամտության օգնությամբ հեռացվում է ուռուցքը, ինչպես նաև կոկորդի և հարակից օրգանների որոշ մասեր՝ մակկոկորդը, ձայնալարերը, կոկորդի մի մասը, վահանաձև գեղձը (կամ նրա մի մասը): Վիրահատությունը կոկորդի քաղցկեղի ցանկացած փուլում բուժման հիմնական եղանակն է:
Քիմիաթերապիան բուժման եղանակ է, որի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում ցիտոստատիկ միջոցներ` ոչնչացնելու ուռուցքային բջիջները կամ դանդաղեցնելու նրանց աճը: