Search
Close this search box.

Անսպասելի կոչ Սերժ Սարգսյանին

Ա1+-ը հարցազրույց է հրապարակել ՖԻԴԵ-ի վարպետ, շախմատի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանի հետ, որում Խալիկյանը բացահայտում է Հայաստանի շախմատային խոհանոցի ուշագրավ մանրամասներ եւ կոչ հղում շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին:
Մասնավորապես, Խալիկյանը, խոսելով Հայաստանի շախմատի հավաքականի Եվրոպայի թիմային առաջնությանն ունեցած անհաջող ելույթի մասին, ասում է, որ դրա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը զբաղվածության պատճառով չի կարողանում գտնել ֆեդերացիայով զբաղվելու ժամանակ, եւ կառավարումը ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի ձեռքին է: Ըստ Խալիկյանի, այժմ տեսնում ենք դրա հետեւանքը, շախմատային թիմում չկա սերնդափոխություն, թիմը գրեթե նույն կազմով խաղում է շատ երկար տարիներ եւ վաղուց անցել է իր պիկը:
Մարզիչ Խալիկյանը նաեւ խոսում է այն մասին, թե ինչպես մինչ Սերժ Սարգսյանի շախմատի ֆեդերացիայի նախագահ դառնալը Սմբատ Լպուտյանի ջանքով Հայաստանից հեռացվել է երիտասարդ եւ խոստումնալից Լեւոն Արոնյանը: Խալիկյանն ասում է, որ Արոնյանի վերադարձի հարցը ինքն է բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո, այնուհետեւ զրուցել այդ թեմայով Սարգսյանի հետ, հավաստիացրել, որ Արոնյանը լավ շախմատիստ է, խոստումնալից հեռանկարով: Դրանից հետո Սերժ Սարգսյանը կապվել է Լեւոն Արոնյանի հետ եւ նրան արել վերադառնալու առաջարկ:
Խալիկյանը նշում է, թե Արոնյանը Սերժ Սարգսյանի հետ զրույցից հետո իրեն է դիմել, թե կարելի՞ է հավատալ Սարգսյանի խոսքին, եւ ստանալով «ավելի քան» պատասխանը, վերադարձել է Հայաստան:
Խալիկյանը հարցազրույցի վերջում կոչ է անում Սերժ Սարգսյանին վերադառնալ շախմատ, «եւ մենք կունենանք Լեւոն Արոնյան շախմատի նոր չեմպիոն»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Լեւոն Արոնյանի հարսանիքը, իսկ Սերժ Սարգսյանը պսակադրության քավորն էր:
Սմբատ Լպուտյանը Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ է:
Նամակի լուսանկարը a1+ ից