Search
Close this search box.

Ինչպես են թուրքական ու ադրբեջանական ապրանքները հայտնվում Հայաստանում

Չնայած 1 տարի առաջ սահմանված արգելքին` թուրքական ապրանքները շարունակում են ներմուծվել Հայաստան մաքսանենգ ճանապարհով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Թուրքական ապրանքները Հայաստան են հասնում relabeling-ով (վերապիտակավորում)։ Այսինքն` Վրաստանում դրանք փոխվում են ծագման երկրի սերտիֆիկատներով, բրենդներով։ Եվ Հայաստան են մտնում ոչ միայն թուքական, այլև ադրբեջանական ապրանքներ»,–ասաց Մանասերյանը։
Հայաստանին, նրա խոսքով, ոչ միայն չի հաջողվում թուլացնել կախվածությունը թուրքական ապրանքներից ու դրանք փոխարինել ԵԱՏՄ երկրների արտադրանքով, այլև չի հաջողվում տնտեսական հարաբերություններ զարգացնել ԵԱՏՄ կարևոր գործընկեր հանդիսացող այլ երկրների` Չինաստանի, Վիետնամի ու այլ երկրների հետ։

Վերլուծելով Հայաստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները, Մանասերյանն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական կոոպերացիա ձևավորել դեռևս չի հաջողվում։
«Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում կան ձեռնարկություններ, որոնք կարող են միասնաբար արտադրական շղթա ձևավորել,– ասաց Մանասերյանը,– մեր հաշվարկներով` դրանք մի քանի տասնյակ ոլորտներ են` մեքենաշինություն, գործիքաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն»։

Համաշխարհային պարենային ճգնաժամի պայմաններում, սակայն, Մանասերյանը հատկապես կարևորում է ագրոարդյունաբերական միասնական համալիրի ձևավորման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` այդ նախաձեռնությունը կարող է բացառիկ նշանակություն ունենալ ԵԱՏՄ ներքին շուկայում պարենային ապրանքների գները մեղմելու ու պարենային նվտանգության ապահովման համար։