Search
Close this search box.

Գեղարքունիքում զոհված Սուրեն Սաֆարյանն ազգությամբ եզդի էր, նախորդ տարի էր բանակ զորակոչվել

Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր:

Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զոհված զինծառայողը ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր:

«Ընտանիքը բաղկացած էր 7 անդամից՝ նրա ծնողները, երկու քույրերը, որոնք ամուսնացած են, երկու եղբայրները, որոնք երկուսն էլ ծառայել են բանակում, մեկը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է, եւ Սուրենն էր: Ընտանիքը գյուղում է ապրում՝ հայրը սարում էր աշխատում, որպեսզի կարողանար ընտանիքը պահել»,- հայտնեց համայնքի ղեկավարը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 19։30-ի դրությամբ՝ փոխհրաձգությունը դադարել է։